Armtimes.com-ը գրում է.

Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի օբյեկտում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի պատճառը, նախնական վարկածի համաձայն, եղել է գազի բալոնի օգտագործման նորմերի խախտումը: Դեռ դեպքի օրը պարզ էր դարձել, որ պայթյունը եղել է գազի բալոնից, այսօր ավելացվում է դրա օգտագործման սխալի հանգամանքը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից երբ փորձեցինք պարզել, թե «Բուրգեր քինգ»-ում վերջին անգամ ե՞րբ էին ստուգումներ անցկացվել եւ առհասարակ, վերահսկողության ինչ գործառույթ ունի գերատեսչությունը, ԱԻՆ մամլո խոսնակ Նանա Գնդոյանը պատասխանեց, որ այդ վերահսկողությունը կարող է լինել միայն հրդեհային անվտանգության տեսանկյունից, ինչի հետ կապված խնդիր այս դեպքում չի եղել: Իսկ գազի բալոնների նկատմամբ վերահսկողություն ԱԻՆ-ը չի իրականացնում:  

«Նախնական վարկածով, ամենայն հավանականությամբ, այդտեղ ոչ թե բալոնի խնդիր է եղել, այլ այդ բալոնի օգտագործման նորմերը չպահպանելու: Մենք բալոնները, որպես այդպիսիք, չենք ստուգում: Մենք ստուգում ենք բալոնի լիցքավորման կայանները, որոնք համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Տվյալ կայանը նույնպես ստուգում է անցել, արդյունքում պարզվել է, որ համապատասխանում է տեխնիկական բոլոր չափանիշներին ու նորմերին: Եվ իսկապես, եթե խնդիրը լիցքավորման կայանի մեջ լիներ, պայթյունը կլիներ լիցքավորման պահին, ոչ թե հետո: Այստեղ, ինչպես արդեն ասացի, ամենայն հավանականությամբ օգտագործման նորմերի խնդիր է, բայց դա վարկած է, որ կհաստատվի կամ կհերքվի Քննչական կոմիտեի փորձագետների կողմից իրականացվող փորձագիտական քննության արդյունքում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամլո խոսնակը:  

Նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն: Այն, ի դեպ, նախատեսված է եղել օբյեկտում մատուցվող լցնովի գարեջրի ճնշումն ապահովելու համար:

Պայթյունի հետեւանքով վնասվել են խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, գարեջրի 2 տարա (40 լ) եւ սպասքի պարագաներ: Փրկարարներն, անվտանգության նկատառումներից ելնելով, փակել են խոհանոցում առկա գազի բալոնների փականները, հոսանքազրկել էլեկտրական սարքավորումները եւ սահմանազատել տարածքը:

«Բուրգեր քինգ Արմենիա»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ինգա Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում, խոսելով տեղի ունեցածում մեղավորների մասին, ասել է, որ իրենք նախաքննություն չեն իրականացրել եւ դա չէին էլ կարող անել, քանի որ այդ հարցով զբաղվում են իրավապահները: Նա նաեւ նշել է, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետի գործունեության դադարեցման մասին խոսք չկա: Հարությունյանը նաեւ վստահեցրել է, թե ընկերությունն անհրաժեշտոթյան դեպքում պատրաստ է փոխհատուցել պայթյունից տուժածներին տրամադրված բուժօգնության ծախսերը:

Պայթյունից տուժածներն 8-ն էին, որոնցից 5-ը՝ երեխաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել