Armtimes.com-ը գրում է.

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ:

Ինչպես հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն Ավակովը մեղադրվում է ՌԴ նախագահի ընտրություններում ռուսաստանցիների քվեարկությանը խոչընդոտելու համար:

РИА Новости-ն հիշեցնում է, որ մարտի 18-ին՝ ՌԴ նախագահի ընտրությունների օրը, Ուկրաինայի ոստիկաններն արգելափակել են Կիեւում ՌԴ դեսպանատան եւ Օդեսայում, Խարկովում եւ Լվովում հյուպատոսությունների մուտքերը նախարար Ավակովի կարգադրությամբ:

ՌԴ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել ՔՕ 12 հոդվածով, որը թույլ է տալիս պատասխանատվության կանչել օտարերկրացիներին, որոնք հանցագործություն են կատարել ՌԴ սահմաններից դուրս, եթե այն ուղղված է եղել ռուսաստանցիների շահերի դեմ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի կողմից իր դեմ հարուցված քրեական գործի մասին լուրին: Twitter-ի իր պաշտոնական էջում Ավակովն այս առիթով կարճ գրություն է թողել. «Ծառայում եմ ուկրաինացի ժողովրդին»:

ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ հայտարարել են, որ Ուկրաինայի այդ որոշումն աննախադեպ էր, հակասում էր միջազգային նորմերին եւ դուրս է քաղաքակիրթ երկրների մասին պատկերացումներից:

Վաղաժամ քվեարկության շնորհիվ Ուկրաինայի տարածքում կարողացել էր ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցել 300 մարդ՝ այնտեղ բնակվող 72.000 ընտրողներից: Ուկրաինան միակ պետությունն է, որն արգելել էր ՌԴ քաղաքացիներին քվեարկել իր տարածքում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել