Իսրայելում իշխանական բարձր մակարդակում կրկին հիշատակել են Հայոց ցեղասպանության թեման. պատճառն իսրայելաթուրքական հարաբերություններում գրանցված նոր սրացումներն են:

«Հակասեմական Էրդողանը շարունակում է աջակցել ՀԱՄԱՍ-ին և գործել Երուսաղեմում: Անհրաժեշտ է ցույց տալ ամբողջ աշխարհին՝ ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան, և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պետք է դիմագրավել Էրդողանի թշնամանքին և հակասեմականությանը: Տարօրինակ բան է տեղի ունենում. Թուրքիան ոչնչացնում է քրդերին, օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, և դա չի խանգարում Արևմուտքին՝ ճանաչել նրան՝ որպես լեգիտիմ գործընկեր»:
Այս խոսքերի հեղինակն Իսրայելի ՆԳ նախարար, գործող «Լիքուդ» կուսակցության առանցքային դեմքերից մեկն է՝ Գիլադ Էրդանը:
Իսկ Իսրայելի ղեկավար շրջանակների կողմից սրված հակաթուրքական հռետորաբանության հերթական լուրջ ալիքը, որի թեմատիկ բաղադրիչը հերթական անգամ դարձավ նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, պայմանավորված է մարտի 30-ին «Երկրի օրվա» հետ կապված պաղեստինցիների ամենամյա ցույցի դեմ իսրայելական բանակի գործողությունների պատճառով թուրքական իշխանությունների հնչեցրած խիստ քննադատությամբ (իսրայելական բանակի կողմից բացված կրակի հետևանքով սպանվել է 16 մարդ, վիրավորվել՝ շուրջ 1500-ը). Էրդողանը Ներթանյահուին անվանել էր «օկուպանտ և ահաբեկիչ»:

Իսրայելական իշխանությունների հակաթուրքական հռետորաբանությունը մինչ այս սրվել էր 2017թ. դեկտեմբերին, երբ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատունն այնտեղ տեղափոխելու վերաբեյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո կրկին սրվել էին նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, որի հետևանքով «Յեշ Ատիդ» կուսակցության նախաձեռնությամբ ընթացիկ տարվա փետրվարի 14-ին Իսրայելի Քնեսեթում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի խիստ արարողակարգային քննարկումը:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը խիստ զբաղված են սեփական քաղաքական օրակարգի այլ՝ առավել կարևոր խնդիրներով, դժվար է կանխատեսել թուրք-իսրայելական հարաբերությունների և հռետորաբանության նոր սրացում, տրամաբանորեն նաև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի հետագա զարգացում Իսրայելում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել