Ստեփանակերտից Մարտունի տանող ճանապարհն ապրիլի 3-ին մեքենաների մրցույթի ճանապարհ էր հիշեցնում, որովհետև բոլոր մեքենաներն աննկարագրելի արագությամբ էին գնում ու գալիս, բոլորը շտապում էին, ամեն մեկը՝ մի ուղղությամբ: Ճանապարհի աջ մասում գազալցակայան կա, որտեղ կանգնել էի մեքենան լիցքավորելու: Մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա կանգնած՝ տարածքն էի ուսումնասիրում, երբ մեծ արագությամբ մի մեքենա անցավ, հետո արգելակեց ու վերադարձավ գազալցակայան: Մեքենան կանգնեց հենց դիմացս, ու վարորդը շնչակտուր իջավ մեքենայից ու հայացքն ինձ ուղղելով՝ դիմեց․ «Բարև, ինձ դիրքեր կտանե՞ս»: Ոչինչ չասող հայացքով նայում էի վարորդին, հետո՝ մեքենային, մի քանի վայրկյան անց կրկին վարորդը դիմեց․ «Ինձ զենք պետք չի, ես հետս բերել եմ․ որսորդական զենքա, պատրոններն էլ՝ հետը»: Հասկացա, որ ամբողջ ճանապարհին որևէ զինվորական է փնտրել, որ հետները դիրք բարձրանա, իմ զինվորական հագուստն էլ տեսնելիս երևի հույս է արթնացել մոտը, որ ես կարող եմ օգնել: Ասեցի, որ մաքսիմում կարող եմ ուղեկցել մինչև զորամաս, որտեղ ինքս էլ գնում եմ, դրանից ավել արդեն զորամասի հրամանատարի հետ պետք է պայմանավորվի, չնայած չեմ կարծում, որ որսորդական հրացանով թողնեն՝ բարձրանա դիրքեր:

Պատասխանս լսելուց հետո մեքենայի վարորդը հայտնեց, որ զինկոմիսարիատից տուն են ուղարկել, պատճառաբանել են, որ այլևս տեղ չկա, գնա տուն, կկապվեն հետը: Մեծ տղան էլ այս կողմերում է ծառայում, երկու օրա՝ հետը չի կարողացել խոսել, զենքը վերցրել, նստել է մեքենան ու շտապում է ավագ որդու մոտ: Այդ ընթացքում տարիքով ավելի փոքր տղա իջավ մեքենայից: Վարորդը հայացքը ուղղեց դեպի փոքր տղան ու ասեց՝ էս էլ փոքրսա, գնումա՝ ախպոր հետ պոստ պահի... Հերիք չի՝ տուն ու տեղը թողել, եկել էր մեծ տղայի հետ սահման պահելու, մի հատ էլ փոքր տղան էր համոզել ու հետը եկել: Բա էս մարդու տղային հաղթել կլինի՞:

Վերջը խնդրեց, որ բացատրեմ զորամաս տանող ճանապարհը։ Ինքն ինձանից շուտ հասավ զորամաս: Երբ արդեն դարպասների մոտ էին, տեսա, որ պատի տակ տղային գրկած կանգնած էր: Հերթապահներից մեկին հարցրի, թե ծնողի հետ կանգնած զինվորը որտե՞ղ էր, պատասխանեցին, որ մի քանի ժամ առաջ է իջել առաջնագծից: Սպաներն ու զինվորները մի կերպ կարողացան զինվորի հորը համոզել ու հետ ուղարկել տուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել