Ռազմական օրենքների համաձայն՝ ցանկացած օպերացիա ունի իր հստակ հաշվարկները։ Ցանկացած գործողության համար պետք է հստակ պահանջներ, որոշումներ, զորքի թվի հաստատում, հնարավոր զոհերի և վիրավորների քանակի հստակեցում և այլն։ Իրեն հարգող ոչ մի հրամանատար չի կարող մեկ դիրք գրավելու համար հարյուրավոր զինվորների կյանք զոհել։

Ապրիլին մենք պատերազմի մեջ մտանք թշնամու անգրագետ բանակի հրամանատարության հետ, քանի որ, Ալիևի պլանի համաձայն, պատերազմի ելքը որոշելու էր զորքի և տեխնիկայի քանակական առավելությունը։ Այսինքն՝ ինչքան շատ կռվող, այնքան հավանականությունը շատ էր, որ պատերազմը կավարտվի հօգուտ իրենց։ Դա էր պատճառը, որ արդեն ծառայության մեջ գտնվող զինվորներին ու սպաներին գումարվեցին նաև վարձկան զորքերը և ահաբեկչական խմբավորումները։ Վերջին երկու խումբը լծված էին առաջնագծում սարսափի մթնոլորտ ստեղծելու գործին։

Սակայն այդ հաշվարկները հենց սկզբից սխալ ընթացք ունեցան ու գումարի դիմաց կռվող ահաբեկիչներն իրենց անկարգությունները սկսեցին կատարել հենց Ադրբեջանում, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչ կանանց և աղջիկներին սկսեցին բռնաբարել։ Ապրիլի 2-ի առավոտյան ադրբեջանական գյուղերը դատարկվում էին, բնակիչները փախչում էին իրար հերթ չտալով՝ մի մասը պատերազմից վախենալով, մյուս մասն իրենց համար իբր կռվող զորքերից սարսափած փրկում էին ընտանիքի անդամներին։ Ահաբեկիչը հայրենիք չունի, ու նրա համար մեկ է, թե ում կսպանի՝ իրեն վճարող երկրի քաղաքացուն, թե հակառակորդին։

Ապրիլյան թեժ մարտերից հետո պետք էր սառը գլխով նայել կատարվածին ու գնահատական տալ։ Մենք ունեցանք զոհեր, կորցրինք Լելե Թեփե դիրքը, որտեղ կռվող տղաները մինչև իրենց կյանքի վերջին վայրկյանը պաշտպանեցին այն։ Հարձակման անցած ադրբեջանական բանակը ևս ունեցավ զոհեր, եթե հաշվենք բանակի և ահաբեկիչների զոհերը միասին, ապա դրանք ավելի շատ են, քան մեր զոհերի թիվը։ Դա այն դեպքում, երբ պլանավորած հարձակման գնացող զորքն ավելի պատրաստված է լինում, քան պաշտպանվողները։

Ավելի պատկերավոր լինելու համար պետք է փաստենք, որ մեկ դիրք գրավելու համար ադրբեջանական կողմը տվեց հարյուրավոր զոհեր և վերջին պահին հրադադար խնդրեց։ Մեր սխալն այն էր, որ մենք համաձայնվեցինք այդ հրադադարին ու թույլ չտվեցինք զորքին՝ հետ վերադարձնի կորցրած դիրքը։ Իսկ զինվորները պատրաստ էին այդ գործողությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել