«Կեմերովոն այս օրերին դարձել է մարդկային ողբերգության խորհրդանիշ, մյուս կողմից` բացահայտելով ռուսական իրականության կոնտրաստն ու թշվառությունը: Ինքնին անհասկանալի է, թե տեխնոլոգիապես հետամնաց երկրի կոռումպացված համակարգի առաջնորդն ինչպես կարող էր վստահության նման պաշար ստանալ նախագահական ընտրություններում, մյուս կողմից` պարադոքսալ է, որ Պուտինի՝ նման շռնդալից հաղթանակից հաշված օրեր անց Կեմերովոյի և առհասարակ` Ռուսաստանի հասարակությունը նման տոտալ անվստահություն է ցուցաբերում բարձր վարկանիշ ունեցող իշխանությունների հանդեպ: Մարդիկ նույնիսկ չեն հավատում պաշտոնական թվերին` վստահեցնելով, որ հրդեհի հետևանքով զոհվել են ավելի մեծ թվով մարդիկ: Արևմտյան որևէ երկրում նման իրավիճակի չենք հանդիպի, որովհետև հասարակությունները համոզված են, որ նման պատահարները դառնալու են օբյեկտիվ և համակողմանի քննության առարկա:
Եթե Կեմերովոյի հրապարակում հավաքված մի քանի հազար մարդ Պուտինին և նահանգապետին անվանում են մարդասպան, միանգամից արժեզրկվում են մի քանի օր առաջ դիկտատորի ստացած 54 միլիոն քվեները, որովհետև դրանց ստվերում երևում է անհաղթահարելի անվստահություն իշխանության հանդեպ, որը մի օր վերածվելու է հասարակական ցասման:

Կեմերովոն ցույց տվեց, որ եթե Ռուսաստանում կրկնվեն մի քանի նման ֆորսմաժորային իրավիճակներ, Պուտինի բարձր ժողովրդականությունը կփլուզվի օրերի ընթացքում` ավարտելով արքունիքի գրոհով կամ «պուտչով»: Նման տեսարաններով Ռուսաստանի պատմությունը հարուստ է: «Աստղային» ցուցանիշներով նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Պուտինը Կեմերովոյի առևտրի տան մոտ զոհերի հիշատակը հարգեց գաղտագողի` ակամայից իրեն դրսևորելով ոչ թե ժողովրդականություն վայելող առաջնորդի, այլ` սեփական ժողովրդին «օկուպացրած» օտարի որակներով:

Մոտավորապես նույն իրավիճակն է Հայաստանում: 2015-ի սահմանադրական հանրաքվեով Սերժ Սարգսյանը, ըստ էության, ֆորմալացրեց իր իշխանության երկարաձգումը, սակայն ընդամենն ամիսներ անց Հայաստանը բախվեց ֆորսմաժորային երկու իրադարձությունների` 2016-ի Ապրիլյան պատերազմին և ՊՊԾ գնդի օգոստոսի գրավմանը: Այս երկու իրադարձությունները փուչիկի պես պայթեցրին իշխանության ամենակարողության միֆը` ցնցելով համակարգի հիմքերը:

Սերժ Սարգսյանի անփոխարինելիության այսօրվա թեզը նույնպես միֆ է, որը պայթելու է ֆորսմաժորային իրավիճակի կամ նույնիսկ ռեալ այլընտրանքի առկայության դեպքում, որովհետև ավտորիտար իշխանությունների ուժը խարսխված է ոչ թե ինստիտուցիոնալ հիմքերի, ռացիոնալ օրակարգի, այլ հասարակության վախի, անտարբերության, ապատիայի վրա:

Արտաքուստ ինչքան ուժեղ և անպարտելի է թվում ավտորիտար իշխանությունը` նույնքան խոցելի և անօգնական է այն դառնում ոչ ստանդարտ իրավիճակներում: Սերժ Սարգսյանի նոր իշխանությունը կայանում է «ազգային համերաշխության» մթնոլորտում, որի առանձնահատկությունը, սակայն, հասարակության սուբյեկտության ոչնչացումն է: Ժամանակակից պետության հիմնական սուբյեկտը, սակայն, ոչ թե իշխանությունն է, այլ քաղաքացիական հասարակությունը, որի սուբյեկտության անխուսափելի վերականգնումը գործող իշխանությանը թողնելու է իր իսկ ստեղծած միֆի` «ազգային համերաշխության» փլատակների տակ: Պատկերավոր ասած` Սերժ Սարգսյանն այսօր հաղթում է բոլորին` պարտվելով ժամանակին ու պատմությանը:

Պատմությունն ու ժամանակը անողոք դատավորներ են, որոնք երբեք չեն խնայում իշխանություններին, առաջնորդներին, որոնք անցել են ռուբիկոնը` վերջնականապես այրելով հետդարձի բոլոր ճանապարհները, կտրվելով անցյալից, օտարվելով իրականությունից, մշուշի մեջ խեղդելով ապագան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել