Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ մեզ հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը հայտնեց, որ այսօր արդեն պարզվել է, որ մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված մահաբեր հրդեհի զոհերի ցուցակում երկու հայ կա: Միրզախանյանը հայտնեց, որ զոհերի պաշտոնական թիվն այս պահին արդեն 76 է:

Ըստ Գեորգի Անտոնով-Միրզախանյանի՝ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008: 

«Փաստաթղթերում իրենք ռուսներ են համարվում, բայց Դմիտրիի հայրը Սարգիս Կարապետի Խումարյանն է՝ ծնունդով Ախալցխայից, վրացահայեր են: Բայց քանի որ Սարգիս Խումարյանը կնոջից բաժանված է եղել, տղային՝ Դմիտրիին, տվել է մոր ազգանունը՝ Գալանին, եւ բնականաբար տղայի տղան էլ Գալանին է: Դմիտրին Խումարյանի հարազատ տղան է: Թե՛ Դմիտրիի, թե՛ Միխայիլի մայրերը ռուսներ են: Ու քանի որ ամուսնալուծված են եղել, ծննդյան վկայականներում գրել են, որ ռուսներ են: Միայն այսօր, երբ ճշտեցին հայրանունները, պարզվեց, որ դա Սարգիսի տղան եւ թոռն են»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:

Վերջինս հայտնեց, որ պատրաստվում է այս տվյալները փոխանցել ՀՀ ԱԳ նախարարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել