«Պուտինը ժամանել է Կեմերովո, որտեղ խորհրդակցություն է անցկացրել սարսափելի հրդեհի կապակցությամբ, որը խլել է 6 տասնյակից ավելի մարդու կյանք, հիմնականում երեխաների: Թեև հրդեհի վերաբերյալ քննությունն ընթանում է, և պարզ չեն մանրամասները, թե հատկապես ում և ինչ բացթողումների հետևանքով է տեղի ունեցել ողբերգությունը, այնուհանդերձ տաք հետքով էլ պարզ է, որ բանը ամենաթողությունն է, բարձիթողությունը, երբ ոչ ոք իր տեղում չէ՝ նահանգապետից մինչև առևտրի կենտրոնի շարքային աշխատակից, որ պատասխանատու է անվտանգության համար:

Ո՞ւմ վրա կբարդեն հրդեհի պատասխանատվությունը, մեղավորները կպատժվե՞ն, ավելի շուտ՝ բոլո՞ր մեղավորները կպատժվեն, թե՞ ոչ՝ պարզ չէ, սակայն մի բան ակնհայտ է արդեն, որ նույնիսկ ողբերգության վրա կառուցվում է Պուտինի, այսպես ասած, քարոզչություն, որ մինչև Պուտինը չի խառնվում, ոչինչ իր տեղում չէ, ոչ ոք իր տեղում չէ:
Կեմերովոյի նահանգապետը նույնիսկ ներողություն է խնդրել Պուտինից, թեև պարզ չէ, թե ինչու Պուտինից և ոչ թե ողբերգության զոհերի հարազատներից:

Դաժան և ողբերգական պատահարներից ապահովագրված չէ որևէ պետություն, որևէ քաղաք, և ամեն տեղ ամեն ինչ սկսվում է ինչ-որ մեկի թերացումից, սակայն տվյալ պարագայում խնդիրը մոտեցումն է, որ պետական ամենաբարձր մակարդակով ցուցաբերվում է այդ դեպքում:

Տվյալ պարագայում Ռուսաստանում դաժան և ողբերգական ձևով արտահայտվում է Պուտինի «անփոխարինելիության», այսպես ասած, քարոզչական թեզի հետևանքը, որը իրականում պետական կառավարման խորքային արատ է և աղետ: Եթե որևէ պետությունում առկա է կառավարչի անփոխարինելիություն, ապա դա ոչ թե խոսում է տվյալ կառավարչի իսկապես անզուգական, անփոխարինելի լինելու մասին, այլ այն մասին, որ կառավարման համակարգում վերից վար ոչ ոք իր տեղում չէ, և այդ բոլոր իրենց տեղում չգտնվողները կամ իրենց տեղում ոչ թե իրենց գործով, այլ մեծ ու փոքր կոռուպցիոն գործերով զբաղվածները ընդամենը մակաբուծում են «անփոխարինելիի» վրա: Իսկ այդ մակաբուծությունը հանգեցնում է պետության թե՛ ընդհանուր տկարացման՝ պաթետիկ մեծապետականության քողի տակ, թե՛ նաև այդօրինակ ողբերգական պատահարների, որին զոհ են դառնում քաղաքացիները:

Մինչդեռ ամեն ինչում «անփոխարինելի» Պուտինը, անկախ նրանից՝ դա այդպես է, թե ոչ, անկախ նրանից՝ նա ուզում է, թե ոչ, չի կարող լինել ամեն առևտրի կենտրոնում, ամեն օդանավակայանում, ամեն խանութում, ամեն փողոցում, ամեն գործարանում, չի կարող լինել թե՛ նախագահ, թե՛ պահակ, թե՛ հրշեջ, թե՛ անվտանգության աշխատակից: Նա չի կարող լինել ամենուր կամ կարող է, իհարկե, բայց միայն պոստֆակտում, երբ ոչ ոքի այլևս չես վերադարձնի:

Դա է «անփոխարինելիության» սինդրոմով կառավարվող պետությունը, այդտեղ է հասցնում պետությունն այդօրինակ սինդրոմը: Եվ ինչու է հատկապես հիմա հույժ կարևոր այդ ամենն աչքի առաջ ունենալ, որովհետև այսօր Հայաստանում էլ բավականին մեծ թափով ներդրվում է այդ սինդրոմը, այդ մտածողության շիջուկը, թե կան անփոխարինելի մարդիկ: Եվ եթե անգամ դա օբյեկտիվ իրականություն է, ոչ թե քարոզչական թեզ, ապա միևնույն է՝ ուրեմն այդ իրականությունն է քաղաքացիների կյանքի համար վտանգ պարունակող:

Պետք չեն անփոխարինելի մարդիկ, իրապես կենսունակ պետություններում և կառավարման համակարգերում անփոխարինելիներ չկան, բայց տեղերում միշտ կան պրոֆեսիոնալներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել