«Նույնիսկ կես տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ իշխանության ձևավորման ապրիլյան համատեքստն այսքան անցնցում, առանց ինտրիգների է անցնելու: Այս շաբաթվա սկզբում Սերժ Սարգսյանի համառոտ հարցազրույցը վերացրեց ինտրիգի վերջին պատրանքը` գրեթե բոլորի համար տեսանելի դարձնելով Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը: Այդ հայտարարությունը` մի կողմից կոնսոլիդացրեց իշխանությունը, մյուս կողմից` ակումլյացրեց այն ուժերի գործունեությունը, որոնք հրապարակում են կամ հրապարակ են վերադառնում Սերժ Սարգսյանին հեռացնելու պահանջով:


Իհարկե, իրական քաղաքականության ռեժիմում չկա որևէ նախադրյալ, որը գոնե տեսականորեն հաջողություն կարող է խոստանալ փողոցային պայքարի ջատագովներին: Չկա որևէ քաղաքական փաստարկ, որ այս պահին կարող է բերվել` Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար:

Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջող ուժերը` օրակարգի անհամարժեքությունից բացի, տակտիկական մի քանի սխալ են թույլ տվել` կրկնելով նախորդ ընդդիմադիրների ավանդական դարձած սխալները:


Օրինակ` ինչքանո՞վ է նպատակահարմար քաղաքական և կազմակերպչական սահմանափակ ռեսուրսների փոշիացումը փոքր, ինչ-որ իմաստով քաոտիկ և անօրակարգ ակցիաների վրա, եթե դրանք չեն գեներացնում մագիստրալ քաղաքական գործընթացը կամ ի՞նչ իմաստ ունի ապրիլի 9-16-ի` իշխանության յոթնօրյա վակուումի մասին անընդհատ հիշեցումները, եթե ընդդիմությունն իսկապես մտածում է, թե յոթնօրյա հանրահավաքները բավարար են` կորպորատիվ շահերի առանցքով գործող բավականին արդյունավետ համակարգը կազմաքանդելու համար: Եթե այդ խորհրդավոր յոթ օրը ընդդիմության պայմանական զենքն է, ապա ո՞րն է դրա տեղն անընդհատ մրցակցին հուշելու իմաստը:


Մյուս կողմից` բնավ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի նոր իշխանությունը կայանում է ազգային համերաշխության մթնոլորտում, և հասարակությունը, մեղմ ասած, օրհնում է այն օրը, երբ Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետությունը: Քարոզչական այդ բլեֆին չեն հավատում անգամ ՀՀԿ գրասենյակում: Մեր հասարակությունն ունի դժգոհության, նույնիսկ ընդվզման քողարկված, լատենտ բավականին մեծ պոտենցիալ` նույնիսկ անկախ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցած տարի ներդրված «10000 դրամանոց» կոնսենսուսից և այն հանգամանքից, որ այս պահին տեսանելի չեն քաղաքական ներկայիս ստատուս-քվոն փոխելու հնարավորություններ: Իրավիճակը հակասական ու բազմաշերտ է, ինչը զարգացումների հիպոթետիկ, նույնիսկ դավադրական տեսություններ առաջ քաշելու հնարավորություն է ստեղծում:


Օրինակ` բոլորն ուղղակի կամ անուղղակի անդրադառնում են վարչապետության խնդրին` բացի Կարեն Կարապետյանից, ով այդ պաշտոնը հիմա զբաղեցնում է և, համենայն դեպս, մի քանի անգամ երկչոտ ակնարկել է, որ պատրաստ է իր պաշտոնում մնալ նաև ապրիլից հետո: Մինչ բոլորը նախապատրաստվում են Սերժ Սարգսյանի նոր «ինագուրացիային»` Կարեն Կարապետյանը անխռով հետևում է վարչապետական իր օրակարգին, Գեղարքունիքի մարզում խոսում է աղբահանությունից ու ցանկապատերից և որևէ կերպ չի արձագանքում Սերժ Սարգսյանի հայտարարությանը կամ չի խոսում իր հավակնությունների մասին:


Իհարկե, պրագմատիզմը հուշում է, որ Կարեն Կարապետյանը հաշտվել է իր ապագա կարգավիճակին` առաջին փոխվարչապետի պաշտոնին, մանավանդ, որ այն` նույնիսկ սահմանադրական կոնտեքստից դուրս, նախապատրաստվում է հենց Կարապետյանի համար: Իհարկե, կա նաև հենց Կարապետյանի հետ կապված մեկ այլ նախադեպ, երբ նա 2011-ին Երևանի քաղաքապետի պատվաբեր պաշտոնը լքեց` «Գազպրոմում» ավելի գայթակղիչ առաջարկ ստանալուց հետո և հեռացավ Մոսկվա: Հիմա այս տարբերակը գրեթե բացառվում է, որովհետև Կարապետյանին Մոսկվայում, մեղմ ասած, որևէ մեկը չի սպասում: Սակայն քննարկենք այլ` հիպոթետիկ, գուցե դավադրական վարկած:


Գուցե ապրիլի 9-ից 17-ը ընդդիմության խոստացած «ֆորս-մաժորի» անունը հենց Կարեն Կարապետյան է, ով` իր շահերից ելնելով կամ ստվերային պայմանավորվածությունների հենքով, ապահովելու է ընդդիմության հանրահավաքների, ասենք, բազմամարդությունը: Նման տեսական հնարավորություն, իհարկե, կա, որովհետև Կարապետյանը վարչապետի պաշտոնը կարող է պահպանել միայն ընդդիմության օգնությամբ, նրա հաջողության շնորհիվ, մանավանդ, որ իշխանության վակուումի օրերին Կարեն Կարապետյանը շարունակելու է մնալ իշխանության մեջ` թեկուզև պաշտոնակատարի կարգավիճակով, իսկ նրա ռուսաստանյան տնտեսա-քաղաքական հովանավորի` Սամվել Կարապետյանի համար, իշխանության վակուումը նույնիսկ ձեռնտու է: Սակայն պետք չէ շատ ոգևորվել, որովհետև այս վարկածը` դավադրական լինելուց զատ, շատ թույլ է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել