Life.tert.am-ը գրում է.

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը կարծում է, որ կանանց ու աղջիկներին տրվող ուշադրությունը չպետք է սահմանափակվի միայն միամսյակով: Tert.am Life-ը Լյուսիի հետ զրուցել է տոնական միամսյակին իր ստացած լավագույն նվերի, մեր հասարակությունում կնոջ դերակատարման, հաջողակ և ինքնաբավ լինելու համար անհրաժեշտ պայմանների և այլ հարցերի շուրջ:

Լյուսին համոզված է, որ կնոջ նկատմամբ ուշադրությունը կարող է արտահայտվել նաև առանց նվերների, պարզապես, դրական վերաբերմունքով: «Ես գտնում եմ, որ անպայման չէ լինեն նվերներ, ամենօրյա ուշադրությունը, հաճոյախոսությունը, ուղղակի ժպիտը և կնոջը հոգսերից ազատելը տղամարդու մոտ պետք է լինի բնատուր։ Տղամարդն ամեն օր պետք է ուշադրությունը հատկացնի իր կողքի կնոջը»,-ասաց Լյուսին:

Այդուհանդերձ, մոդելից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է եղել տոնական միամսյակին իր ստացած լավագույն նվերը. «Ես մայրիկիս եմ նվիրել իր ցանկացած իրը, իսկ ինձ նվիրել են ճանապարհորդության ուղեգիր:

Շուտով կմեկնեմ»,-ասաց նա, սակայն  չցանկացավ մանրամասնել, թե ով է նվերի հեղինակը և ուր է մեկնելու:

Լյուսին կարծում է, որ մեր հասարակության մեջ տղամարդիկ շարունակում են իշխող դերակատարում ունենալ, ի տարբերություն կանանց: Մոդելի կարծիքով` ճիշտ չէ հավասարության նշան դնելը երկու սեռերի միջև: «Անկեղծ ասած, ես կողմնակից չեմ, որ կանանց և տղամարդկանց իշխանությունը հավասարազոր լինի: Կարծում եմ և՛ ընտանիքում, և՛ պետական կառավարման համակարգում տղամարդը պետք  է ունենա գլխավոր դերակատարում: Իհարկե, կան ոլորտներ, որոնց կանայք ավելի լավ են տիրապետում, բայց դրանք այդքան էլ շատ չեն»,-ասաց նա:

Մոդելը համոզված է, որ երջանիկ և ինքնաբավ լինելու համար պարտադիր չէ հաջողել միաժամանակ  և՛ աշխատանքում, և՛ անձնական կյանքում: Ամենակարևորը, ըստ Լյուսիի, անձնական երջանկություն ունենալն է: «Իհարկե լավ է, երբ կա և՛ աշխատանքային, և՛ անձնական` ընտանեկան հաջողություն, բայց, ըստ իս, կինը շատ քչով բավարարվող է՝ բնությունից այդպես է տրված նրան։ Կարծում եմ, եթե անձնական երջանկությունը լինում է, աշխատանքայինը կարող է չլինել: Կարևորն անձնական, ընտանեկան երջանկությունն ու, ամենակարևորը, բալիկներ ունենալն է: Երբ կինը ունենում է բալիկներ, նշանակում է` ինքն արդեն երջանիկ է»,-ասաց մոդելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել