Armtimes.com-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունն այսօր նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ կառավարության որոշման համաձայն դեղերը դեղատոմսով բաց թողնելու թեմայի վերաբերյալ: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը թեպետ հրավիրված էր, լսումներին չէր մասնակցում:

Դա առաջ բերեց նախաձեռնության հեղինակների զայրույթը, եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ հնարավոր է որոշեն նախարարի հրաժարականը պահանջել: «Բացարձակ անընդունելի եմ համարում, որ այսօր այստեղ ներկա  չէ առողջապահության նախարարը. ոլորտին վերաբերող լրջագույն քննարկում է: Ես սա արհամարհանք եմ ընդունում խորհրդարանի հասցեին: Ավելին, երբ որ ապրիլի 9-ից նոր սահմանադրությունը ամբողջապես մտնի ուժի մեջ, ես կարծում եմ՝ «Ծառուկյան» դաշինքը կօգտվի այն դրույթի ընձեռած հնարավորությունից, որ կառավարության առանձին անդամների դեպքում հարցապնդման արդյունքում կարելի է բարձրացնել նրանց հրաժարականի հարցը: Եվ նմանօրինակ նախարարների հարցը, որոնք ուղղակիորեն իրենց պատվից ցածր են համարում գալ էստեղ, պատասխանել լրջագույն հարցերին (երբ որ առողջապահության համակարգում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ), մենք անպայմանորեն կքննարկենք եւ կբարձրացնենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն էլ, շարունակելով թեման, հույս հայտնեց, որ պատգամավորը չի մոռանա իր այդ խոստման մասին, մանավանդ որ ունեն առողջապահության նախարարի արժանի թեկնածու՝ ի դեմս նախկին նախարար Հարություն Քուշկյանի: Միության նախագահը նկատեց, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու մասին կառավարության այս նոր որոշումը չի քննարկվել մասնագիտացված կազմակերպություններ հետ, նրանց կարծիքները չեն լսել, ինչպիսի դեպքեր չէին լինում Քուշկյանի պարագայում:

Լսումները «բոյկոտած» Լեւոն Ալթունյանի փոխարեն Ազգային ժողով էր եկել նրա առաջին տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Այստեղ ու այս անգամ էլ նա հավաստիացրեց, որ դեղերը  դեղատոմսով դուրս գրելը անրաժեշտություն է, որ համահունչ է զարգացած երկրների փորձին, որ կան ավելի քան հազար անուն դեղեր, որոնց վաճառքն ազատ է լինելու, որ այնպես չէ, թե դեղատոմսի պահանջը նորություն է, ուղղակի այդ նորմը նախկինում չի կիրառվել եւ այլն: Ավելի ուշ, պատասխանելով մեր հարցին, թե ինչն էր խանգարում, որ սահմանափակումները կիրառվեին, փոխնախարարը նշեց, որ դեղատոմսով դեղը ազատ վաճառելու դեպքում մինչեւ այս տույժեր նախատեսված չէին: Հիմա կարգը խախտող դեղատան աշխատակիցը, հայտնաբերվելու դեպքում, կտուգանվի 5 հազար դրամով:

Լսումների ընթացքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները եւ  առողջապահության ոլորտի ներկայացուցիչները բոլորն, ըստ էության համաձայն էին, որ դեղատոմսերի պահանջն անհրաժեշտ է, համաձայն էին, որ մարդիկ ինքնուրույն չպետք է որոշեն ինչ հիվանդություն ունեն ու ինչ դեղ է իրենց հարկավոր: Սակայն հայտարարում էին, որ կառավարությունն ու նախարարությունը գործը սկսել են վերջից՝ առանց համակարգը նախապատրաստելու կամ առանց էվոլյուցիոն ճանապահն անցնելու: Կարծիք հնչեց, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու պարտադրանքը կիրառելուց առաջ անրաժեշտ էր ապահովագական համակարգը ներդնել ու զարգացնել, որպեսզի ամեն մի դեղատոմսի համար բժշկին այցելող պացիենտի փոխարեն վճարեր ապահովագրական ընկերությոնը, ոչ թե նա՝ իր գրպանից: Համոզմունք հայտնվեց, որ բժիշկների ու դեղատան աշխատողների մեծագույն մասը ի վիճակի չի լինելու դեղատոմս գրել՝ դրա վրա, ըստ նոր պահանջի, նշելով ոչ թե դեղի բրենդային անվանումը, այլ ազդող նյութը: Կանխատեսվեց, որ կառավարության համապատասխան որոշումն իրավախախտումների պատճառ է դառնալու, որ այն տեղիք է տալու սպեկուլյացիաների: Հիշատակվեց մամուլում օրերս հրապարակված տեղեկությունը, թե քաղաքացին իր հասանելիք դեղը չի օգտագործել եւ կես գնով վաճառել է սեւ շուկայում, որովհետեւ այն դեղատոմսով եւ անմատչելի է դարձել, բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդ երկու հանգամանքն ինչ կապ ունեն իրար հետ եւ ինչու մարդը նախկինում էլ չէր կարող իր դեղը վաճառել, եթե դա պետք է աներ դեղատանը եղածի կես գնով:

Արձանագրվեց նաեւ համակարգում ստեղծված խառնաշփոթը, այդ թվում՝ կնիքների հետ կապված: Առողջապահական շատ հաստատություններում համոզված են, որ դեղատոմսերն անպայման կնքված պետք է լինեն: Դա իր հերթին հավելյալ բարդություններ է առաջացնում քաղաքացիների համար: Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարեց, որ միայն բժշկի ստորագրությունը բավարար է եւ որ կառավարության որոշումն ընդամենը սահմանում է, որ դեղատոմսի վրա կնիք կարող է դրվել, եթե այն առկա է: Նա նաեւ նշեց, որ թե՛ բժիշկնեը եւ թե՛ դեղատան աշխատողները պետք է ունենան անհրաժեշտ տեղեկատվության բազա, որտեղ նշված կլինի, թե որ դեղը ինչ ազդող նյութ է պարունակում:

Իսկ Ազգային ժողովում հրավիրված լսումներն ամփոփելով՝ առողջապահության փոխնախարարը հայտարարեց, որ կառավարության քննարկվող որոշման մեջ քաղաքական որեւէ տարր իրականում չկա եւ հնչած շեշտադրումներում միտում նա տեսավ: Ասաց, որ պայմանական ինը առավելությունները շրջանցվում են եւ շեշտվում է մեկ թերությունը, այնինչ հակառակ դեպքում այլ տպավորություն կստացվեր: «Միտումնավոր ուզում եք հարցին տալ քաղաքական նշանակություն»,- համոզմունք հայտնեց նախարարի տեղակալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել