Մենք պարբերաբար խանութ ենք մտնում, հաճախ լինում ենք սրճարաններում։ Քանի որ գարունն արդեն ամբողջովին ստանձնել է իր պարտականություններն ու տուրիստական սեզոնը կարելի համարել բացված, և հատկապես հաշվի առնելով փաստը, որ Նովրուզը Հայաստանում անցկացնելու համար հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանել, առաջարկում եմ խանութների ու սրճարանների աշխատակիցներին խնդրենք՝ զբոսաշրջիկներին սպասարկել հնարավորինս քաղաքավարի, հնարավորինս հարգանքով ու ժպիտով, սիրուն, ջերմ, հայկական ժպիտով։

Հավատացեք, զբոսաշրջիկները կարևոր ու շատ օգտակար են մեր երկրի համար։ Տնտեսական գործոնը մի կողմ թողնենք, իրենք իրենց համ ու հոտով, մեզ համար օտար լեզուներով, մաշկ ու մազի մեզանից տարբերվող գույներով, այլ նիստուկացով մարդիկ են, որ նոր գույն ու երանգ են տալիս մեր առօրյային։ Ավելին՝ միայն սփյուռքահայերը չեն մեր դեսպաններն արտասահմանում, նաև մեր երկիր ժամանող զբոսաշրջիկներն են։ Շատ կարևոր է, որ մեր երկրից հեռանան լավ հուշերով, մարդկային ջերմ էմոցիաներով։ Չէ որ, ինչ տպավորությամբ հեռանան Հայաստանից, այդ տպավորության համատեքստում էլ ցկյանս հիշելու են մեր երկիրն ու մեր ժողովրդին, այդ տպավորության ներքո են Հայաստանի մասին կարծիք հայտնելու իրենց երկրներում։ Հավատացեք, որ խանութի, հյուրանոցի, սրճարանի աշխատակցի, տաքսու վարորդի մեկ ժպիտը կարող է շատ լուրջ իրավիճակ փոխել ոլորտում։ Այսօրվանից տաքսիներից օգտվելուց, խանութ և սրճարան մտնելիս աշխատակիցներին հատուկ խնդրելու եմ՝ զբոսաշրջիկներին ջերմ, հատուկ քաղաքավարի ու հատուկ հարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Այդ մարդիկ մեր երկրից իրենց հետ պետք է առաջինը ջերմություն տանեն։ Դրանից լավ հիշողություն չկա։ Խնդրում եմ Դուք էլ միացեք, տաքսու վարորդներին, խանութների ու սրճարանների աշխատակիցներին պարբերաբար խնդրեք ու հիշացրեք, որ զբոսաշրջիկներին ժպտան, շատ ժպտան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել