2014-ին Նախիջևանի ուղղությամբ գործողության թեման հերթական անգամ ապացուցեց, որ մենք հարցերը քաղաքավարի քննարկելու մշակույթ դեռ չունենք: Դասական բանավեճի տեսությունն ենթադրում է, որ հնչեցված փաստարկի դեմ պետք է բերվի հակափաստարկ, որի շուրջ պետք է բանավեճ ընթանա` վեր հանելով ճշմարտությունը: Ընդհանրապես, կարծիքը ձևավորվում է փաստերի ու փաստարկների վրա, և երբ այդ փաստերն ու փաստարկենրը փոխվում են, կարծիքը նույնպես փոխվում է: Բացառություններ, իհարկե, լինում են. կան մարդիկ, որ իրենց կարծիքը երբեք չեն փոխում, որովհետև այդ կարծիքի հիմքում ի սկզբանե փաստեր ու փաստարկներ չեն էլ եղել: Ամեն դեպքում, տեսությունն առայժմ մի կողմ թողնելով` հուսանք, որ մի օր մենք նույնպես կհասնենք քաղաքավարի բանավիճելու մշակույթին:

Եվ ուրեմն՝ ի՞նչն է խնդիրը: Այն, որ ասել եմ մի բան, որ շատ վաղուց հրապարակվա՞ծ է եղել: Մեծ գաղտնի՞ք է, որ 2014-ին Նախիջևանի ուղղությամբ գործողության հետևանքով մի հսկայական տարածություն հայտնվել է մեր դիրքապահների դիտարկման ու կրակային հասանելիության գոտում: Այդ մասին գրվել է, նկարվել է, ցույց է տրվել: Մեղավո՞ր եմ, որ ես դա կարդացել, տեսել ու հիշել եմ, իսկ ոմանք` ոչ: Ում հետաքրիր չէ, չի հետևել, իր իրավունքն է, բայց հիմա զարմանալն ու վիրավորախառն հարձակվելը ո՞րն է: Անշուշտ, կարելի է բանավիճել` խոսքը 20.000 հեկտարի մասի՞ն է, թե՞ 18.864 կամ մեկ այլ թվի: Կամ թե` արդյո՞ք այդ հատվածը մեր պետական սահմանների մեջ չպետք է լիներ ի սկզբանե: Կներեք, բայց Արծվաշենն էլ մեր պետական սահմանների մեջ է քարտեզով: Չէ՞ որ խոսում ենք փաստացի ճակատի ու այդ ճակատում դիրքային փոփոխությունների, տարածքի վերահսկողության, դիտարկման ու կրակային հասանելիության մասին: Կամ արդյո՞ք ամբողջ Նախիջևանը մեր կրակային հասանելիության գոտում չէր մինչև 2014-ը: Իհարկե այդպես է, բայց մի բան է 7.62 տրամաչափի հրազենի կամ 120մմ ականանետի կրակային հասանելիություն երևույթը, մեկ այլ բան` Գրադի կամ Դ-20-ի: Նույն տրամաբանությամբ` Բաքու քաղաքի անվտանգության համար մի բան է Իսկանդերի պարագան, մեկ այլ բան, եթե, ասենք, հայկական դիրքերը լինեին Բայիլովյան բլուրի վրա:

Իհարկե, կարելի է բանավիճել տերմինների շուրջ` «դիրքային բարելավու՞մ», «նվաճու՞մ», «ազատագրու՞մ», թե՞, ասենք, «տարածքային ձեռքբերում»: Իսկ պաշտոնապես ի՞նչ պետք է հայտարարվեր 2014-ին՝ որ 1994-ի զինադադարի խախտմամբ գործողությու՞ն ենք արել ու լավ ենք արե՞լ, թե՞ 1921-ի Կարսի պայմանագիրն ենք խախտել ու լավ ենք արել: Էս դարում նման հայտարարություններ ինչ-որ մեկն անու՞մ են, թե՞ սահմանափակվում են համեստ տեղեկատվությամբ առ այն, որ «դիրքային բարելավում է տեղի ունեցել», որի համար, ի դեպ, զինվորականներ են պարգևատրվել և այդ մասին նույնպես բավարար տեղեկատվություն կա բաց աղբյուրներում: Իսկ թե ի՞նչ է տեղի ունեցավ այդ ձախողման համար պատասխանատու ադրբեջանցի զինվորականների հետ, շատ հուզիչ, միգուցե նաև սահմռկեչուցիչ պատմություն է, բայց դա արդեն ադրբեջանցիների ներքին գործն է: Ընդհանրապես պետք է կողմնորոշվել. մենք ձևի մասին ենք խոսու՞մ, թե՞ բովանդակության: Ի՞նչ տերմին ուզում եք օգտագործենք, դրանից փաստի բովանդակությունը չի փոխվում:

Կամ ինչու՞ եմ հիմա այդ մասին ասել. հիմա են հարցրել, հիմա եմ ասել, խնդիրը ո՞րն է: Թե՞ խոսելու, կարծիք հայտնելու իրավունք չունե՞մ: Շատ հեռու եմ այն մտքից, որ սեփական կարծիքդ փաստարկելու համար պետք է շուրջբոլորին վիրավորել ու պիտակավորել: Չէ՞ որ գոմի օրենքներով չենք ապրում, որտեղ հաղթում է նա, ով ավելի բարձր է բառաչում: Ես փաստից եմ խոսում` հղում անելով բաց աղբյուրներում առկա տեղեկատվությանը: Իսկ թե փաստն ու՞մ և ինչի՞ համար դուր չի գալիս, դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել