«Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. ինչքան մոտենում է ապրիլի 9-ն,  այնքան Ազատության հրապարակում պակասում է միտինգավորների թիվը: «Հանուն Հայաստան պետության» ճակատի առաջին հանրահավաքին եկել էր 300 մարդ, անցած շաբաթ` 200, այսօր` ավելի քիչ: Սա առնվազն խոսում է այն մասին, որ մեր հասարակությունը բացարձակ անտարբեր է նույնիսկ աղմկահարույց դատավարությունների հանդեպ, այլապես` Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավճռից հետո հրապարակում հավաքվածների թիվը գոնե կշատանար: Բայց ինչքան պակասում է մարդկանց թիվը, այնքան ավելի ագրեսիվ ու հավակնոտ են դառնում հռետորների ելույթները: Ճակատի անդամ Դավիթ Սանասարյանն ասել է, թե խորհրդակցությունների, բանակցությունների մեջ են տարբեր ուժերի հետ, որպեսզի «հրապարակում ասեղ գցելու տեղ չլինի»:

Հրապարակ լցնելու հնացած բանաձև է, որովհետև քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաները ոչինչ չեն տալիս, մանավանդ, եթե «յոթ դռների» հետևում «հեղափոխական» ծրագրեր են մշակում լուսանցքում հայտնված քաղաքական ուժերը. զրոների գումարից երբեք դրական թիվ չի ստացվում:

Շահարկումներից խուսափելու համար` նկատենք, որ խոսքը ոչ թե կոնկրետ գործիչների բարոյական նկարագրի, այլ քաղաքական կշռի մասին է: Մեր ընդդիմությունը քսան տարիների ընթացքում չհասկացավ, որ հաջողության գրավականը ոչ թե կաբինետներում կայացված քաղաքական համաձայնություններն են, այլ` ընդդիմության և հասարակության դիալոգը, համաձայնությունը:

Քաղաքական համաձայնություններն ինքնին ինքնանպատակ են, երբ չունեն ռացիոնալ օրակարգ, ամրապնդված չեն հասարակական վստահության ռեսուրսով և չեն ստեղծում միջավայր` շարժման ղեկավար կազմը նոր, կրեատիվ դեմքերով համալրելու համար: Երբ չկան նոր գաղափարներ, զարգացման ռեսուրս, մարդիկ փորձում են իրենց հանրահավաքների մարդաշատությունն ապահովել թամաշաներով, տեսարաններով:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանի խոսքով՝ իրենք նախատեսում են Մարտի 1-ի դեպքերի դատավարություն անել հրապարակային՝ Ազատության հրապարակում: Նա ասել է, որ դիմելու են Անդրանիկ Քոչարյանին, Սեդա Սաֆարյանին՝ փաստահավաք խմբի անդամներին, որոնց մոտ հավաքված և կուտակված են Մարտի 1-ի հետ կապված բոլոր փաստաթղթերը: «Դատավարությունը պետք է կատարվի՝ այստեղ հրապարակում, բոլորի աչքի, ժողովրդի, սփյուռքի մասնակցությամբ, և մինչև ապրիլի 9–ը պետք է կարողանանք իրականացնել դատավարությունը»,- ասել է նա՝ նշելով, որ վճիռը կլինի ժողովրդինը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել