Հույն նշանավոր պատմագիր ու աշխարհագիր Ստրաբոնը ծնվել է մ. թ. ա. մոտ 63թ. Փոքր Հայքի` այդ ժամանակ Պոնտոսի կազմում Ամասիա քաղաքում, բարձրաշխարհիկ ընտանիքում։ Սովորել է Նյուսայի և Հռոմի ճարտասանական դպրոցներում և ստացել փիլիսոփայական կրթություն։
Երիտասարդության տարիներին շատ է ճանապարհորդել, եղել է նաև Հայաստանում։ Ստրաբոնը գրել է «Պատմական հիշատակարաններ» վերտառությամբ մի աշխատություն՝ բաղկացած 43 գրքից, սակայն այն մեզ չի հասել։ Մոտավորապես մ.թ.ա. 7թ. նա սկսում է աշխատել հոչակավոր «Աշխարհագրության» վրա և ավարտել է այն իր մահից քիչ առաջ՝ մ.թ. 20 թվականին։ «Աշխարհագրությունը» բաղկացած է 17 գրքից։ Ստրաբոնը այստեղ, փաստորեն, շարադրում է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի երկրների ֆիզիկական ու պատմական աշխարհագրությունը, ինչպես նաև հաղորդում է բազմահարուստ տեղեկություններ այդ երկրների քաղաքական պատմության ու հասարակական հարաբերությունների վերաբերյալ։
Ստրաբոնի «Աշխարհագրությունը» անգնահատելի ու ճշմարտապատում աղբյուր է նաև Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի ուսումնասիրման համար, որոշ դեպքերում նրա հաղորդած տեղեկությունները եզակի են։ Այս հանգամանքն էլ ավելի է բարձրացնում «Աշխարհագրության» արժեքը, քանզի առանց դրա հնարավոր չէ բավարար չափով կողմնորոշվել Հայաստանի մ.թ.ա. II—Iդդ. պատմության շատ հարցեր ուսումնասիրելիս։
Ստրաբոնն անդրադարձել է նաև հայ ժողովրդի ծագման հարցին և համերաշխվել է իր ժամանակներում տարածում ստացած այս վարկածին, թե իբր արմենները ունեն թեսսալական ծագում և, որ նրանց անվանադիր նախնին հանդիսացել է Արմենոս Թեսսալացին։ Ինչպես հադորդում է աշխարհագիրը, նա այս պատումը վերցրել է Ալեքսանդր Մակեդոնացու գորավարներ Կյուրսիլոս Փարսալացու և Մեդիոս Լարիսացու ինչ-որ աշխատությունից։ Առասպելի համաձայն` արգոնավորդ Արմենոս Թեսսալացին, իր ուղեկիցների հետ Կողքիսից (Կոլխիդայից) անցնելով Հայաստան, հաստատվել է այստեղ և երկրին տվել իր անունը՝ Արմենիա, իսկ ժողովրդին՝ արմեններ։ Սակայն հայտնի է, որ արգոնավորդների առասպելը ձևավորվել է մինչհոմերոսյան դարաշրջանում, մոտավորապես մ.թ.ա. XI—X դարերում, այսինքն` այն ժամանակ, երբ դեռևս Արմենիա պետական միավորումը գոյություն չուներ, հետևաբար, Արմենոսի անունից չէ, որ պետք է բխեցնել «Արմենիա» հասկացությունը, որն ավելի ուշ շրջանի (մոտ մ.թ.ա. VII—VIդդ.) բովանդակություն է արտահայտում։ Ուսումնասիրողները գտնում են, որ առասպելի բանարարները վերոնշված երկու հույն գորականներն են։ Սրանք, մի առիթով այցելելով Հայաստան, ուշադրություն են դարձնում Հայաստանի և իրենց հայրենի Թեսսալիայի որոշ տեղանունների համահնչյունության և այլ զուգադիպող երևույթների վրա ու հանգում այն եզրակացության, որ հայերն ունեն թեսսալական ծագում։ Նրանք փորձում են նաև բացատրել հայերի «արմեն» անվանումը և բռնազբոսիկորեն այն կապում են արգոնավորդ Արմենոս Թեսսալացու հայտնի անվան հետ։ Այս բոլորից բխում է, որ հայ ժողովրդի ծագման մասին սույն հունական առասպելը գուրկ է պատմական հենքից, որ այն հորինվել է հենց Ալեքսանդրի արշավանքների ժամանակ, երբ հույները նման առասպելներ հորինել էին նաև պարսիկների, մարերի և արևելյան այլ ժողովուրդների Բալկանյան թերակղզուց գաղթած լինելու վերաբերյալ և, որ նման առասպելի ստեղծումն ունեցել է իր քաղաքական դրդապատճառները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել