Միացյալ Նահանգները դավանում է բնակչության բազմազանությունը էթնիկ, կրոնական, ռասայական, սեռային, սոցիալական և բոլոր հնարավոր հիմքերով զարգացնելու քաղաքականությունը։ Առաջին հայացքից սա խիստ զարմանալի երևույթ է, քանի որ երկիրը հիմնվել է սպիտակ եվրոպացիների կողմից, որոնք հիմնականում բողոքականներ էին։ Տեղաբնակ հնդկացիների և որպես ստրուկներ այստեղ բերված սևամորթների իրավունքները դաժանորեն ճնշվել են։ Մինչև 20-րդ դարի դարի սկիզբը երկիրը եղել է բողոքական եվրոպական մշակույթի գերակշիռ ազդեցության տակ և ներգաղթյալները տարալուծվել են այս դոմինանտ հոսանքի մեջ։

Այս ամենից բնական հարց է ծագում․ էլ ի՞նչ բազմազանության մասին են խոսում ամերիկացիները, ի՞նչ հիմքեր կարող էր այն ունենալ, և ինչո՞ւ ընտրվեց այսպիսի քաղաքականություն։

Ամերիկյան պատմաբանների հետազոտությունները ցույց են տալիս, որ ամեն ինչ չէ, որ այդքան համասեռ է եղել երկրի հիմնադրման ժամանակ։ Արդեն առաջին գաղութարարները Հյուսիսային Ամերիկա եկան 4 հիմնական հոսքով՝ պուրիտանները, քաղաքացիական պատերազմում պարտված և ունեզրկված ազնվականները, քվաքերները, Անգլիայի փոքրամասնությունները՝ շոտլանդացիներն ու իռլանդացիները։ Չնայած նրանք բոլորն էլ բրիտանացիներ էին, սակայն արդեն ունեին լուրջ մշակութային և կրոնական տարբերություններ, և ամերիկյան բազմազանության հիմքը դրվել է արդեն այս ժամանակաշրջանում։

Սևամորթների իրավունքների ոտնահարման պատճառով երկիրը 1861-1865 թթ. ներքաշվել է դաժան քաղաքացիական պատերազմի մեջ, որի ընթացքում տվել է 600 հազարից ավելի զոհ, ինչն ամենաարյունալին է բոլոր պատերազմներից, որոնք մեջ Միացյալ Նահանգները ներքաշվել է իր պատմության ընթացքում։ Սա եղել է ռասայական հիմքով իրավունքների սահմանափակման ամենաարյունալի դասը, երկիրը այն լավ է սերտել։ Որպես արդյունք՝ աստիճանաբար վերականգնվել են ոչ միայն սևամորթների իրավունքները, այլև հաստատվել է բոլոր փոքրամասնությունների իրավունքների հավասարության թեզը։

Մինչև 19-րդ դարի կեսը շուրջ 1,5 միլիոն իռլանդացի է ներգաղթել, մոտ մեկ միլիոն գերմանացի, մեծ քանակությամբ սկանդինավներ, 19-րդ դարի վերջին մեծ ներհոսք եղավ՝ շուրջ 20 միլիոն, Արևելյան և Հարավային Եվրոպայից՝ Ավստրո-Հունգարիայից, Իտալիայից, Ռուսական կայսրությունից։ Գալիս էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք ճնշված էին իրենց հայրենիքում, այդ թվում՝ նաև մեծ թվով սլավոններ՝ լեհեր, չեխեր, սլովակներ, սերբեր, ուկրաինացիներ, նաև՝ հրեաներ։ 20-րդ դարի սկզբին միայն Նյու Յորքում ավելի շատ իտալացի կար, քան Իտալիայի խոշոր քաղաքներում՝ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ջենովայում միասին վերցրած։ Այժմ էլ Նյու Յորքում ավելի շատ հրեա կա, քան Իսրայելում, ԱՄՆ-ում ավելի շատ էթնիկ իռլանդացի կա, քան Իռլանդիայում։

Երկիրը հսկայական էր, այն անհրաժեշտ էր բնակեցնել, այդ պատճառով էլ խրախուսվում էր ներգաղթը, իսկ քանի որ ներգաղթյալները տարբեր մշակույթների ներկայացուցիչներ էին, ապա ԱՄՆ-ում աստիճանաբար ավելի խորացավ բազմամշակութայնությունը։ Անհրաժեշտ էր խրախուսել այս երևույթի տարածումը, այլապես հնարավոր չէր լինի նվաճել երկրի տարածքները, այն ոտքի կանգնեցնել։

Սահմանադրորեն ԱՄՆ-ում չկա պաշտոնական լեզու, սակայն պետական գործավարությունն անգլերեն է, այսինքն՝ ոչ ոք չի ստիպում այդ լեզուն սովորել, բայց սեփական հնարավորություններին տիրապետելու ու զարգանալու համար այն անհրաժեշտ է։ Միաժամանակ, ասենք, Չիկագոյում կան թաղամասեր, որտեղ բոլոր ցուցանակները լեհերեն են, Չայնաթաուններում՝ չինարեն, իսկ Գլենդելում էլ շատ հաճախ կարելի է հանդիպել հայերեն ցուցանակների։

Այժմ ԱՄՆ-ում ամենատարածված 5 լեզուներն են՝ անգլերենը, իսպաներենը, չինարենը, վիետնամերենը և տագալոգը (ֆիլիպինցիների լեզուն)։ Իսպաներենն այս դեպքում Մեքսիկայից, Հարավային և Կենտրոնական Ամերիկաներից ներգաղթածների լեզուն է։ Այսինքն՝ այս լեզուները հիմնականում ներգաղթյալների վերջին հոսքերի լեզուներն են, իսկ հին ներգաղթյալներն, այնուամենայնիվ, իրենց առաջին լեզուն անգլերենն են համարում։

Բազմաթիվ են մեքսիկական, չինական, եթովպական, միջերկրածովյան ռեստորանները, և դրանք դարձել են սիրելի ոչ միայն այդ ազգերի ներկայացուցիչների, այլև բոլոր ամերիկացիների համար։ Խանութները վաճառում են ոչ միայն կոշեր, հալալ կամ հնդկական բուսական սնունդ, այլև, ըստ էթնիկ-ռասայական տարածվածության, կարող ես գտնել համապատասխան հագուստ կամ մշակույթի ու կրոնական պարագաներ, կարող ես այցելել կինոթատրոններ, որտեղ ցուցադրվում են Բոլիվուդի ամենաթարմ ֆիլմերը։

Բազմազանությունը Միացյալ Նահանգներում վերաբերում է բոլոր ասպեկտներին։ Կանանց հնարավորությունները խրախուսվում են թե՛ պետության, թե՛ մասնավորի կողմից։ Թեև ամենատարածված կրոնը կաթոլիկությունն է, իսկ նախագահներ սովորաբար բողոքականներն են ընտրվում, սակայն որևէ կրոնի դավանանք չի սահմանափակվում, անգամ իսլամը, թեև Թրամփը երբեմն իրեն թույլ է տալիս հակաիսլամական անպարկեշտություններ։ Էթնիկ փոքրամասնությունների լեզուներով դպրոցները հաճախ ստանում են պետական կամ համայնքային բյուջեի աջակցությունը։ Հաշմանդամները հատուկ հոգածության առարկա են, որ հնարավորինս չզգան իրենց հնարավորությունների սահմանափակությունը։

Բացի երկիրը գաղութացնելու, մարդկանց ներգրավելու խնդրից (որն արդեն լուծված է)՝ բազմազանության հիմքը բոլոր մարդկանց իրավունքների նկատմամբ խորը հարգանքն է։ Բայց ամենակարևորն այն է, որ երկիրը, բոլոր քաղաքացիները հասկանում են, զգում են, որ այդ բազմազանությունից շահում են բոլորը։ Դրանով երկիրը դառնում է ավելի բազմամշակույթ, հարստանում է ոչ միայն հոգեպես, այլև նյութապես։

Ի վերջո, «Գրին քարտ» կոչվող վիճակախաղը կոչվում է բազմազանության վիճակախաղ, և նրա խնդիրը ոչ թե ներգաղթի համար լավագույններին ընտրելն է, այլ երկրում բազմազանությունը մշտապես խթանելն ու ապահովելը։ 

Եվ ամենակարևորը՝ թե՛ չալմայով սիկհը, թե՛ պեյսերով հրեան, և լայնեզր գլխարկով տեխասցի կովբոյն առաջին հերթին իրենց ամերիկացի են համարում։ Իրենց առանձնահատկությունը շեշտելը ոչ թե նրանց մեկուսացնում է մյուսներից, այլ ավելի է մեծացնում լոյալությունն այն երկրի նկատմամբ, որը թույլ է տալիս լինել ինքդ և լինել ամբողջի մասը. «E Pluribus Unum» ՝ «Մեկը բոլորից», ինչպես գրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ կնիքի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել