Ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը Մեծ Բրիտանիայում սկիզբ դրեց այս երկու երկրների միջև լարվածության նոր ալիքի՝ նրանց միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը հասցնելով նվազագույնի։ Մինչ Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունն այդ մահափորձին, Լոնդոնն ավելացնում է Մոսկվայի հանդեպ պատժամիջոցները և կառուցում հակառուսական դաշնակիցների բանակը, որոնք նույնպես պատրաստվում են հետևել նրա գործողություններին։

Ամենակարևոր հարցը, որ այս ընթացքում քննարկում են փորձագետները, այն է, թե Պուտինի ընտրություններից մի քանի օր առաջ ինչու պետք է Ռուսաստանը գնար հարաբերությունների նոր սրման, մանավանդ որ Սկրիպալն ակնհայտորեն չէր տիրապետում որևէ նոր գաղտնիքի, որ կարող էր բացել բիրիտանացիների առաջ․ ինչ որ գիտեր, նա վաղուց հայտնել էր։ Մեկնաբանների մի մասը կարծում է, որ հենց ընտրություններից առաջ էր անհրաժեշտ նման լարվածությունը որպես ռուսաստանցի ընտրողների մոբիլիզացիայի նոր լծակ։ Վերջին պատժամիջոցներից հետո Ռուսաստանը խուսափում է լայնամասշտաբ զինվորական գործողություններ իրականացնել, նոր ռազմական արշավների դիմել, և նման մինիգործողությունները, որոնց անհրաժեշտ PR աջակցությունը հենց Արևմուտքն էլ կտար, շատ հարմար նախընտրական գործիք են թվում։ Անհրաժեշտ է նկատել, որ հենց այս ընթացքում էր, որ ռուսական լրատվամիջոցներով «դավաճաններին պատժելու», «հատուցման անխոսափելիության» և նմանատիպ այլ կոչերով քարոզչական արշավ ընթացավ, ինչը Սկրիպալի թունավորման անհրաժեշտ ֆոն էր թվում։

Որոշ մեկնաբաններ այս գործողության նշանակությունը չեն սահմանափակում նախընտրական շրջանով, այլ համարում են, որ դրանք անհրաժեշտ պրոֆիլակտիկ գործիք են ընդդեմ ապագա դավաճանների, ովքեր ամերիկյան պատժամիջոցների գաղտնի ցուցակից խուսափելու համար կարող են դիմել այդ քայլին կամ, ինչպես ռուսական արդեն հայտնի հետերա Ձկնիկի ու Օլիգ Դերիպասկայի դեպքում է, կարող են իրադարձությունների բերումով «ծակվել»։ Նրանք կարծում են, որ Ռուսաստան-Արևմուտք լարվածության էսկալացիայի դեպքում նման գործողությունները պարզապես անհրաժեշտ են դառնում Ռուսաստանի հատուկ ծառայությունների զինանոցում։

Ավելի լավատեսները համարում են, որ Պուտին-2018 ընտրությունները բեկումնային փուլ էին Ռուսաստանի պատմության մեջ, այս ամենը զուտ նախընտրական նպատակ էր հետապնդում, և հերթական նախագահության արդեն վեցամյա ընթացքում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները կգնան կարգավորման։ Իհարկե, թվում է՝ դա ռացիոնալ լուծում է, քանի որ ընտրությունից հետո Պուտինն այլևս կարիք չունի 70-80 տոկոսանոց ռեյտինգ ապահովելու առճակատման գնով և երկիրը մեկուսացումից հանելու ու նավթի գների 140 դոլարանոց առասպելից հետո տնտեսական ապագա ապահովելու համար ճիշտը համագործակցության ճանապարհն է։ Սակայն դա չափազանց դժվար ուղի է ներկա Ռուսաստանի համար, որի հասարակությունն այս ընթացքում ոչ միայն  սովորել է Արևմուտքի հետ թշնամությանը, այլև այն համարում է առանձնահատուկ արժեք։

Միաժամանակ, դժվար է չխոստովանելը, որ պատժամիջոցները չեն ապահովում անհրաժեշտ արդյունքը։ Շարքային ռուսաստանցու համար իրավիճակն ընդամենը փոքր-ինչ է դժվարացել, իսկ գոտին ձգելուն պատմության ընթացքում նրանք սովորել են։ Պատժամիջոցներն ուղղված են հեռանկարին և կարող են Կրեմլին հետագայում ստիպել գնալ զիջումների, սակայն կառավարման ներկա համակարգը դեռևս դիմանում է այդ պրոբլեմներին, ապագայի համար մեծ ռազմավարություն չմշակելով։

Միաժամանակ, Արևմուտքն իր հակառուսական գործողություններում ունի երկու խոշորոգույն սահմանափակում։ Նա պարտավոր է մնալ օրենքների շրջանակներում, ցանկացած քայլ բխեցնել ոչ միայն երկրի անվտանգության ու միջազգային համակարգի շահերից, այլև տեղական օրենսդրությունից ու միջպետական իրավունքից, մինչդեռ Ռուսաստանն իրեն պարտավորված չի համարում գործել օրենքի սահմանափակումների մեջ, մանավանդ՝ միջազգային բնագավառում, որտեղ, ինչպես հայտնի է, միջազգային իրավունքը թույլ է տալիս բազմակի մեկնաբանություններ և համարյա միշտ՝ ուժեղի տեսանկյունից։ Հենց այս պատճառով է Պուտինն անընդհատ հիշեցնում, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, և ուրեմն՝ ուժեղ է և կարող է օրենքներն իր օգտին մեկնաբանել։

Մյուս կարևոր սահմանափակումն այն է, որ արևմտյան պատժամիջոցները թիրախավորում են ռուսական կառավարման համակարգը և օլիգարխներին՝ փորձելով հնարավորինս զերծ պահել շարքային ռուսաստանցիներին։ Այս հանգամանքն ուղղակիորեն ձեռնտու է Կրեմլին, որը դեռ ունի վերնախավի դիմադրության ռեսուրս, քանի չեն սկսել համաժողովրդական հուզումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել