Այսօր ԱՄՆ-ում կայացավ երգչուհի Լիլուի նոր՝ «Հայերով» տեսահոլովակի պրեմիերան: Երգչուհին մեծ շնորհանդես էր կազմակերպել հյուրերի և տեսահոլովակի թիմի համար: BlogNews.am-ի հետ զրույցում նա մանրամասներ պատմեց նոր աշխատանքի և տեսահոլովակի փոքրիկ հաղորդագրության մասին:  

««Հայերով» տեսահոլովակը փոքր խորհուրդ ունի. ինչքան էլ որ ապրում ես օտար երկրում, տանը ցանկալի է խոսել հայերեն: ԱՄՆ-ում երեխաներն իրենց օրվա մեծ մասն անցկացնում են անգլալեզու դպրոցներում, և դժվար է հետո տանը խոսել հայերեն: Տեսահոլովակում մի քիչ խաղարկային և հումորի տեսքով փոքրիկ հիշեցում է հայերեն խոսելու, հայկական ավանդույթները երեխաներին սովորեցնելու մասին: Իհարկե, մենք մի քիչ այլ ավանդույթներ ենք ցույց տալիս, որոնք չափազանց բնորոշ են հայերին` բուրդ չփխելը և պահածո փակելը»,- պատմում է երգչուհին:

«Հայերով» տեսահոլովակի ռեժիսորը Գևորգ Ճուղուրյանն է, երաժշտության հեղինակը՝ Արթուր Նադոսյանը, խոսքերը` Լուսինե Գրիգորյանի, գործիքավորումը՝ Նիկ Էգիբյանի, մոնտաժը` Էդուարդ Մատենցյանի: Տեսահոլովակում նկարահանվել է դերասան Դելոյի ընտանիքը, ինչպես նաև մի քանի երեխա, ովքեր, ըստ սյուժեի, վերջինիս զավակներն են. «Մենք Դելոյի և նրա կնոջ հետ շատ լավ ընկերներ ենք: Երբ առաջարկեցի նկարահանվել, նա հաճույքով համաձայնվեց: Ի դեպ՝ նա նաև տեսահոլովակի սցենարի հեղինակն է»:  

Երգչուհու հետ խոսեցինք նաև ԱՄՆ-ում երաժշտական գործունեություն ծավալելու և ակտիվության մասին. «Մարդիկ, ովքեր այստեղ են բնակվել և հետևել են իմ գործունեությանը, նրանց համար ես միշտ մնում եմ Լիլու, ու հենց այդ մարդկանց համար ես երգում եմ նրանց միջոցառումներին, բայց կան մարդիկ, ովքեր գրեթե չեն ճանաչում ինձ: Դա նորմալ է, և ես ինձ դրանից վատ չեմ զգում: Առհասարակ շատերից եմ դրական արձագանք լսում, մասնավորապես՝ բեյրութահայերի և իրանահայերի կողմից, երբ նրանց համար ելույթ եմ ունենում: Որոշ ժամանակ դադար ունեցա, ինչը կապված էր որդուս ծնվելու հետ, դրանից հետո ես կրկին իմ ռիթմի մեջ եմ: Ի դեպ՝ ապրիլի սկզբին նկարահանելու եմ ևս մեկ տեսահոլովակ: Դա արդեն թվով երրորդը կլինի: Ունեմ համերգային տարբեր առաջարկներ»:

Զրույցի վերջում երգչուհին շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր աջակցել են տեսահոլովակի ստեղծմանը. « Շնորհակալ եմ իմ մտերիմ ընկերուհուն՝ Վարդուհի Սևոյանին, ով օգնեց տեսահոլովակի հարցում, Դելոյին, ով փայլուն կատարեց իր դերը, բոլոր մասնակից բալիկներին, «Լիլյա դանսին», Անի Աղասիին, Նիկ Էգիբյանին՝ միշտ իմ կողքին լինելու համար»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Լիլուն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել