«Երեկ խորհրդարան եկած վարչապետ Կարեն Կարապետյանը չափազանց տխուր, կարելի է ասել՝ ընկճված տեսք ուներ: Դա միանգամայն բացատրելի է, որովհետև նա այլևս վարչապետ է դե յուրե, իսկ դե ֆակտո նրան այլևս որէ մեկը չի ընկալում որպես վարչապետ: Եվ միակ հարցը, որ հետաքրքրում է պատգամավորներին այն է, թե արդյոք Կարեն Կարապետյանը պատրաստ է մնալ հաջորդ կառավարության կազմում, զբաղեցնել թերևս իր համար նախանշված առաջին փոխվարչապետի պաշտոնը: Կարեն Կարապետյանն այդ հարցին չպատասխանեց, ասելով. «Բայց դրա քննարկումը եղե՞լ է, որ ես ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ»:

Կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանին դեռևս առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի արվել, նրա հետ այդ հարցը չի էլ քննարկվել, և, հետևաբար, նա չի կարող ասել՝ կհամաձայնվի այդ առաջարկը ընդունել, թե ոչ: Բայց վատ չէր լինի, եթե նա միանգամից հայտարարեր, որ պատրաստ է կատարել հարազատ կուսակցության կամքը, լինել այնտեղ, որտեղ կնախանշի կուսակցությունը:
Այդպես են պատասխանում բոլոր այն իշխանավորները, ովքեր սպասում են հերթական նշանակմանը: Որովհետև երբ դու քեզ խոնարհ ու հնազանդ ես պահում, դա գնահատվում է: Բայց Կարեն Կարապետյանը դեռևս համառում է, ու հնարավոր է, որ եթե շատ համառի, այդ պաշտոնից էլ զրկվի:

Առաջին փոխվարչապետի թեկնածուի պակաս մեր երկրում հաստատ չկա: Համենայնդեպս, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը առաջին փոխվարչապետի հիանալի թեկնածու է: Նա արդեն իսկ դե ֆակտո առաջին փոխվարչապետ է, Կարեն Կարապետյանի փաստացի պաշտոնանկության պայմաններում: Երեկ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա պատասխանում էր Կարեն Կարապետյանին ուղղված այնպիսի հարցի, որը կարող էր պատասխանել միայն Կարապետյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Կարապետյանին հիշեցնում է՝ մեկ տարի առաջ «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ հնչեցրած հետևյալ խոստումը. «Մենք մեր առջև դնում ենք հստակ ծրագիր, որ առնվազն 18 թվականին բազիսային աշխատավարձը և կենսաթոշակները բարձրացնենք»: Միրզոյանը դիմելով Կարապետյանին, ասում է, որ բոլորը գիտեն, որ 2018թ. բարձրացում չի եղել, կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով, նույնիսկ 2019թ.ներառյալ, ոչ մի բարձրացում չի նախատեսվում: Նա ուզում է, որ Կարապետյանն ասի, թե ինչու չիրականացրեց իր տված խոստումը, և արդյոք խոստումը չկատարած մարդը կարող է հավակնել նոր պաշտոնի:

Կարապետյանի փոխարեն հարցին պատասխանում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, և առաջին նախադասությունը որ ասում է, հետևյալն է. «Ճիշտ եք ասում, մենք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մեջ նման գումարներ չենք նախատեսել»: Այսպիսով Արամյանը հայտարարում է, որ Կարապետյանն իր տված խոստումը չի կատարել: «Ամենավտանգավոր բանն է, որ դու կանխակալ բարձրացնես կամ ընթացիկ պարտավորություններ ստանձնես, դրանից հետո տեսնես, որ չես կարող իրականացնել: Եթե մենք ամբողջ հանրային հատվածում 5 հազար դրամ աշխատավարձի բարձրացում անենք, իսկ այսօր հանրային հատվածում 263 հազար հոգի է զբաղված, 30 մլրդ դրամի լրացուցիչ պահանջ կառաջանա»,- ասում է ֆինանսների նախարարը: Արամյանի այս բացատրությունից կարելի է հասկանալ, որ Կարեն Կարապետյանը մեկ տարի առաջ, խոսելով աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման մասին, չի հաշվել դրա հնարավոր ֆինանսական հետևանքները, և մի բառով ասած՝ զբաղվել է պոպուլիզմով:

Բայց ասվածից չպետք է եզրակացնել, որ աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում ընդհանրապես չպետք է սպասել: Ընդհակառակը, Արամյանը խոստանում է, որ դա իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել և լինելու է: Արամյանը Կարապետյանի նման միամիտ չէ, որ ասի, թե երբ են բարձրացնելու աշխատավարձերը և թոշակները՝ մեկ տարի հետո՞, թե՞ և նույնիսկ 2040 թվականին: Բա որ մեկը 2040թ. նրան հիշեցնի իր 22 տարի առաջ տված խոստումը, ինչպես հիմա Կարապետյանին են հիշեցնում: Ու հարցնեն, թե ինչու խոստումը չի կատարել: Եվ քանի որ մեր երկրում իշխանությունը հավերժ է, նման հեռանկարը բացառված չէ: Դրա համար Արամյանը խոսում է ապագայի մասին, ասենք՝ 3301թ., երբ Հայաստանում քրիստոնեության ընդունման 3-րդ հազարամյակի տոնակատարությունների շրջանակներում իշխանությունը բարեգութ կգտնվի և 5 հազար դրամով կբարձրացնի աշխատավարձերն ու թոշակները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել