Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Զուհրաբ Կալանդիան իր վարած MAN մակնիշի բեռնատար կցորդիչով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ դեպքի վայր ժամանած Թալինի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել