Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ.

«Բարև՛ ձեզ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավար կազմի հարգելի՛ ներկայացուցիչներ:

Այսպիսի օպերատիվ հավաքները վաղուց արդեն ավանդական են դարձել: Հենց այս հանդիպումների շնորհիվ է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզաբանում է գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների առջև դրվող խնդիրները:

Մենք միասին նաև տեղեկատվություն ենք փոխանակում, ստուգում մեր աշխատանքի արդյունավետությունը: 

Տարիներ շարունակ մեր զինված ուժերի առանցքում դրել ենք անհատի գիտելիքն ու ունակությունները բազմապատկելու խնդիրը: Մեր նախընտրությունը մշտապես եղել է ոչ միայն քանակական, այլև որակական առավելությունը: Այս հավաքները եղել են որակական առավելության հասնելու ուղիների շահագրգիռ քննարկումների դրսևորումներից մեկը:

Այսօր մենք մտքեր կփոխանակենք, որպեսզի ձևավորենք միասնական պատկերացումներ, տեսակետներ և մոտեցումներ մեր ապագա ծրագրերի շուրջ: Մեր առաջնահերթ խնդիրն է պաշտպանության քաղաքականության համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված բարեփոխումներին: Սահմանադրության համաձայն փոփոխության է ենթարկվում Հայաստանի զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ-անվտանգության խորհուրդ-կառավարություն-պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ տեսքը: Զինված ուժերի քաղաքացիական կառավարումը և վերահսկումը ևս պետք է հարստացվեն նոր բովանդակությամբ: 

Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ունենալու դերակատարություն պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ զինված ուժերի կյանքում: Վարչապետի առաջարկությամբ նա նշանակելու է Հայաստանի զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձին՝ գլխավոր շտաբի պետին, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև շնորհելու է բարձրագույն զինվորական կոչումները:

Արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացվել պաշտպանության ոլորտի օրենսդրությունը վերանայելու ուղղությամբ, սակայն այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Պաշտպանության բնագավառի պաշտոնյաները պետք է լինեն ճկուն՝ համագործակցելով ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության իրենց գործընկերների հետ: Մեծ է անելիքը այս նոր պայմաններում ենթաօրենսդրական ակտերի մշակման և համապատասխանեցման գործում: Մենք պետք է ոչ միայն լավ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր գրենք, այլև լավագույնս իրականացնենք դրանք: Այս երկուսի միջև խզում կամ, առավել ևս, թերացում չպետք է լինի:

Այս փոփոխությունների և զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների համատեքստում որոշել ենք «Շանթ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը տեղափոխել այս տարվա աշուն: Զորավարժության հիմնական նպատակը պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային պատրաստության մակարդակի գնահատումն է, ինչպես նաև պետական տարբեր հաստատությունների փոխգործակցության և ներդաշնակության բարձրացումը: Զորավարժությունը ներառելու է ամենատարբեր ոլորտներին վերաբերող ներածականներ՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր նախարարությանը փորձարկել սեփական որոշումների կայացման մեխանիզմները և կատարելագործել դրանք։

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է: Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Դրա մասին վերջերս բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու տարբեր, նաև՝ ամենաբարձր միջազգային ամբիոններից: Ասածներս կրկնելու իմաստը չեմ տեսնում: Միևնույն ժամանակ, բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող:

Մի բան ակնհայտ է՝ մենք շարունակելու ենք բանակցությունները և մեր գործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրության կողմից լիազորվել՝ միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջև և օժանդակելու հարցի խաղաղ հանգուցալուծման մշակմանը: Այնուամենայնիվ, հիմնական պատասխանատվությունը հենց հակամարտող կողմերի վրա է, և մենք մեր բաժինը այդ գործում միշտ քաջ գիտակցել ենք:

Հենց այդ պատճառով էլ մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին: 

Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան: Ավելին, մենք պետք է հետևողական աշխատենք և մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր և մանր փորձերին: Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը:

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Այս ճանապարհին մեր ամենակարևոր պրակտիկ քայլերից մեկը զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի բարեհաջող իրականացումն է: Առաջին հերթին, մենք բանակը դարձրել ենք առավելագույնս թափանցիկ և հասկանալի մեր հանրության համար: Դա բնավ չի թուլացրել մեր զինված ուժերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդել է բանակ-հասարակություն կապը: Ավելին, բանակի վրա ծախսվող ռեսուրսները գնալով դառնում են ավելի հասանելի և օգտավետ մեր հասարակության լայն շերտերի համար: Դա նաև արտահայտվում է կոնկրետ ծրագրերի միջոցով, որոնց անուններն արդեն, իհարկե, քաջ հայտնի են բոլորին: 

Արդեն իսկ պատրաստ է գալիք յոթ տարիների բարեփոխումների ճանապարհային քարտեզը: Ցանկացած պլանավորում և վերահսկողություն պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում իրականացվում է ըստ յոթնամյա ծրագրի՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների, մարդկային ռեսուրսների հաշվառում, թե այլ բան:

Արդիականացվում է նաև կառավարման համակարգը: Կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե կրճատումներին, այլ գործառույթների հստակեցմանը, ինչպես նաև խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի լայն ներդրումը համարում եմ աշխատանքի պարտադիր պայման:

Պաշտպանության նախարարությունը խոշորագույն սպառող և մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է: Գնումների գործընթացում պետք է հասնել առավելագույն թափանցիկության, ազատ և արդար մրցակցության: Ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացումը պետք է ապահովվի պատասխանատու ստորաբաժանումների կողմից ճիշտ տեխնիկական բնութագրեր կազմելու միջոցով: Գնումներ իրականացնելիս պետք է հնարավորինս խուսափել միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև բացառել մրցույթների կազմակերպիչների և մասնակիցների կողմից տարբեր տեսակի անօրինական գործողությունները, այսպես ասած՝ հնարամտությունները:

Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլև մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբևէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է: Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի և ընդհանրապես մեր բանակի և պետության հանդեպ առաջին հերթին դրսևորվում է հենց կոռուպցիոն երևույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել