Tert.am-ը գրում է.
Որակյալ երաժշտությունն իր տեղն ունի Հայաստանում. տարիներ շարունակ այս գաղափարն է համախմբում ռադիովանցիներին, ովքեր անկախ շուկայական պահանջներից հավատարիմ են մնում իրենց ոճին և շարունակում են ներկայացնել նոր անունների, հաճախ էլ հպարտանում են, երբ հաջողության հասած մարդկանց շրջանում տեսնում են նրանց, որոնց առաջին քայլերի ժամանակ իրենք են սատարել։
 
Երեկ Երևանի ժամանցի կենտրոններից մեկում կայացավ Van music avards–ը, որի շրջանակում մրցանակի արժանացան ինչպես նոր անուններ, այնպես էլ հայտնի ու սիրված կատարողներ։ Մրցանակակիրներն ամեն ամիս «Ռադիո Վանում» կազմակերպվող հիթ շքերթի հաղթողներն էին։ Tert.am Lifeը ներկայացնում է մրցանակաբաշխության մանրամասները և ֆոտոշարքը։
 
«Մոտ 10  տարի մրցանակաբաշխությունը «Ոսկե քնար» էր կոչվում, 6 տարի առաջ անվանափոխվեց  Van music avards` ունենալով նաև բովանդակային փոփոխություն։ Եթե նախկինում էստրադան գերակշռում էր, հիմա, երբ էստրադա ասվածը շատ հարաբերական է կամ գոյություն չունի, սկսեցինք ուշադրություն դարձնել ալտերնատիվ երաժշտությանը։ Մեր նպատակն է գտնել նոր անունների և ներկայացնել նրանց հանրությանը,– ոգևորությամբ ասաց ռադիոկայանի հաղորդավար Ժակը ու հպարտությամբ նկատեց, որ իրենց մրցանակաբաշխությունը ոչ մի տարի դադար չի առել,– նույնիսկ ազգային մրցանակաբաշխությունը մի պահ դադար ունեցավ, սակայն Ռադիո Վանի մրցանակաբաշխությունը միշտ եղել է»։
 
 
Ռադիոկայանի հիմնադիր–տնօրեն Շուշանիկ Արևշատյանն էլ նկատեց, որ իրենք ակումբներից գտնում են լավ երաժիշտների ու ներկայացնում լսարանին։ Շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը ռադիովանցիների ընկերներն են, սակայն «Ռադիո Վանում» եթեր չեն ստանում` ձևաչափին անհամապատասխան երաժշտություն ներկայացնելու պատճառով։ Տկն Շուշանիկից հետաքրքրվեցինք` արդյոք նեղացողներ չեն լինում։
 
«Դեռ չեմ լսել, որ մեզանից նեղանան։ Գուցե մեզ չեն ասում, սակայն մեր հարաբերությունները նշանակություն չունեն։ Մենք բոլորի հետ ընկերներ ենք, սիրում ենք իրենց, սակայն ռադիոյի ձևաչափը ենթադրում է որակյալ երաժշտություն, եթե իրենց երաժշտությունը համապատասխանում է մեր ձևաչափին, մենք դա սիրով կհանրայնացնենք, եթե ոչ, ոչ։ Հիմա մենք ներկայացնում ենք անդերգրաունդը, գնում ենք ակումբներ, հայտնաբերում նոր անուններ ու հրամցնում հասարակությանը»,– ասաց նա։
 
Իր հերթին` Ժակը նշեց, որ նոր անունների գտնելն ու նրանց հարթակ տրամադրելը, աջակցելը սոցիալական պատասխանատվության մի տարր կարելի է համարել. «Մենք շարունակում ենք հավատալ, որ լավ երաժշտությունն ու անկեղծ մղումները, ի վերջո, հաղթելու են և ունենալու են  իրենց տեղը»։
 
 
Նոր անունների կողքին մրցանակակիրների շարքերում կան նաև հայտնի մարդիկ, ովքեր հավատարիմ են մնացել երաժշտությանը։ Մրցանակներն էլ, ինչպես միշտ ձեռքի տեսքով են, որոնք նկարազարդված են։ Այս անգամ դրանք նկարազարդել են Նոր նորքի հայորդաց տան  սաները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել