…Առաջին հայացքից իսկապես տրամաբանական չէ, որ հաղթած երկրի ժողովուրդը հեռանում է իր երկրից` իր բաժին բարեկեցությունը դրսում որոնելու, իր որդիների ապագան իր հայրենիքից դուրս գտնելու համար…
Թվում էր, թե այս սերունդը վաստակել էր արժանապատիվ ապրելու իրավունքը. իր ուսերի վրա էր տարել անկախության վերականգնման ընթացքի քաղաքական կատակլիզմները, տնտեսական փլուզման անվերականգնելի հետևանքները, պատվով էր դուրս եկել փլուզված Խորհրդային կայսրության փլատակների տակից, հաղթել էր իրեն պարտադրված պատերազմում և անշրջելիորեն բռնել էր քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու ուղին…
Իսկ հիմա ճիշտ հակառակ ընթացքն է. չուզենալով հեռանում ենք հայրենիքից, հաղթած երկրից` շատերիս համար այրելով հնարավոր բոլոր կամուրջները, դրսից փակելով հայրենիքի դուռը…
…Որտե՞ղ թույլ տրվեց սխալը, վրիպումը, ձախողումը…
Պերմանենտ վերափոխվող արժեքային համակարգի այս հեղհեղուկ ընթացքում որտե՞ղ կորցրինք մեր զարգացման ընթացքը, հավատը դրա նկատմամբ…
Եվ արդյո՞ք այդ սխալները, այդ վրիպումները պետք է ավարտվեին այսպես` ապագան որևէ կերպ չտեսնելու հեռանկարով…
Չէ, լուրջ, ի՞նչ է սա, եթե ոչ մի ամբողջ սերնդի տխուր պարտություն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել