Armtimes.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է որոշում կայացրել թունավորել ՌԴ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին, փոխանցում է Sky News-ը:

Այս հայտարարությունն անելիս Ջոնսոնը, սակայն, ոչ մի ապացույց չի ներկայացրել:

«Մենք կարծում ենք ամենայն հավանականությամբ Սկրիպալին թունավորելու հրահանգն իջեցվել է անձամբ Պուտինի կողմից, նա է պատվիրել նյարդա-պարալիզացնող նյութը կիրառել մեծ Բրիտանիայի փողոցում, Եվրոպայի մեջ: Այս քիմիական զենք համարվող թույնը չէր կիրառել երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր»,-ասել է ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Լոնդոնը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ-ի հասցեին, որը կատեգորիկ հերքում է բոլոր մեղադրանքները:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչեւ Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան:

Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան անգիտակից վիճակում հայտնաբերվել են մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերիի այգու նստարանին:

Նրանց տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, նրանք մինչեւ հիմա կոմայի մեջ են, բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում: Ոստիկանությունում պարզել են, որ նրանք թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, թունավորված են եղել եւս 20 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որն առաջինն է այցելել դեպքի վայր եւ Սկրիպալի տուն: Թունավորման փաստով հարուցվել է քրեական գործ մահափորձի հանցակազմով:

Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան էր ստացել 2010 թվականին, հանդիսանում էր Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել