Միջազգային լրահոսում քննարկվող թոփ թեման շարունակում է մնալ ռուս-անգլիական լրտեսական սկանդալը։ Ինչպես գիտեք, Միացյալ Թագավորության իշխանությունները հայտարարել են, որ ռուսական հատուկ ծառայությունները նոր թույնի կիրառությամբ սպանել են ԳՌՈւ-ի նախկին աշխատակցի, ով տարիներ առաջ լրտեսական գործունեություն էր ծավալել Ռուսաստանի դեմ, բռնվել էր, իսկ հետո փոխանակվել էր ռուս գործակալների հետ։

Ճիշտ է, հատուկ ծառայությունների գործողությունների մասին վերջնական ճշմարտությունն իմանալը գրեթե անհնար է, բայց այս պատմությունն ի սկզբանե շատ տարօրինակ է, ու շատ բաներ սպիտակ թելերով են կարված այն աստիճան, որ ակամայից ասսոցիացիաներ են առաջանում տխրահռչակ Լիտվինենկոյի սպանության պատմության հետ։ Թերևս վերհիշենք․․․

Տարիներ առաջ ՖՍԲ-ից մեկ այլ դավաճան, ով Բերեզովսկու շահերն էր սպասարկում, իսկ զուգահեռ անգլիական հատուկ ծառայությունների գործակալ էր, փախավ Լոնդոն Բերեզովսկու հետ միասին, բայց կարճ ժամանակ անց նա մահացավ պոլոնիումի թունավորումից։ Այն ժամանակ էլ միանգամից մեղավոր կարգեցին Ռուսաստանին ու անգամ կասկածյալ նշանակեցին ՖՍԲ-ի մեկ այլ նախկին աշխատակցի՝ Լուգովոյին։ Խնդիրն այն է, որ այն ժամանակ էլ մեղադրանքներն այնքան հապճեպ էին ու անհեթեթ, որ տարիներ անց նույն Լուգովոյն անմեղ ճանաչվեց ու հետախուզումից հանվեց։ Բանն այն է, որ, ըստ պաշտոնական վարկածի, կիրառվել էր պոլոնիումի այնպիսի չափաբաժին, որը գործնականում անհնար էր աննկատ կիրառել ու չսպանել ռեստորանում գտնվող բոլոր հաճախորդներին։

Հիմա պատմությունը կարծես կրկնվում է․ հայտարարվում է, որ ինչ-որ լրիվ նոր քիմիական բաղադրություն ունեցող թույն է կիրառվել, որպեսզի սպանեն դավաճանին, բայց անգլիական կողմը հրաժարվում է տրամադրել դրա նմուշները։ Ավելին՝ հասկանալի չէ, թե, բացի զգայական ու դեկլարատիվ հայտարարություններից, ինչը պետք է անվերապահորեն մատնացույց անի, որ հենց ռուսական ծառայություններն են վերացրել դավաճանին։ Սա առավել քան անտրամաբանական է ու ոչ թե նրա համար, որ հատուկ ծառայությունները երբեք նման բան չէին անի, այլ զուտ նպատակահարմարության տեսանկյունից։

Ես հակված կլինեի հավատալու ռուսական կողմի օպերացիայի վարկածին, եթե գործակալը բացահայտված ու փոխանակված չլիներ, բայց երբ արդեն բոլորը գիտեն, որ նա դավաճան է, նա այլևս չի կարող հետախուզական գործունեություն ծավալել՝ օգտվելով իր ծառայողական դիրքից, երկար տարիներ հայտնել է այն ամենն, ինչ իմացել է, ապա էլ իմաստը ո՞րն է նրան վերացնելու։ Մյուս կողմից՝ հատուկ ծառայությունների վետերանները հավաստիացնում են, որ զուտ հանուն վրեժի դավաճաններին սպանելու օպերացիաներ հատուկ ծառայությունները չեն իրականացրել դեռ նախորդ դարի 70-ականներից։ Մի խոսքով՝ բավականին կասկածելի է թվում, որ զուտ վրեժ լուծելու համար նման միջազգային ռիսկերի ընդառաջ գնային ռուսները։

Ու հենց այս տրամաբանական գիծը եթե շարունակենք, ապա շատ ավելի ռացիոնալ է թվում, որ իրենց նախկին գործակալին, որն այլևս ոչ մի արժեք չէր ներկայացնում ինֆորմացիայի աղբյուր լինելու տեսանկյունից, կարող էին վերացնել հենց նույն անգլիական հատուկ ծառայությունները կամ էլ մի երրորդ ուժ, որը հետաքրքրված է Արևմուտքի ու Ռուսաստանի առճակատման խորացմամբ, բայց մեյնսթրիմային մեդիան անգամ չի էլ փորձում դիտարկել նման հավանականությունը, ինչը հասկանալի է, եթե այնուամենայնիվ ընդունենք, որ մեդիա գիգանտները ոչ միայն անկախ չեն, այլ գլոբալ տեղեկատվական պատերազմի գլխավոր մասնակիցներ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել