«Մարտի 11-ին Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու նոր ընտրությունների արդյունքում «ընդդիմությունը» կրկին հաղթել է գործող գյուղապետին։
 
Հիշեցնենք, որ նախկին ավագանու հինգ անդամի լիազորություններն անցած տարեվերջին կառավարության որոշմամբ դադարեցվել էին, նրանք վարչական դատարան հայցադիմում էին ներկայացրել` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 16-ի որոշումը։
 
Իսկ կառավարությունը որոշումը կայացրել է այն հիմնավորմամբ, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի բացակայել է ավագանու նիստերի կեսից ավելիից:
 
Բանն այն է, որ այդ 5 անձն անցած տարի համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արտեմ Սարիբեկյանի կողմնակիցներն են, որը 15 ձայնով պարտվել է մարզպետի հովանավորյալ ՀՀԿ-ական Ժորա Մարտիրոսյանին։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ մեծամասնություն ունեցող ավագանու անդամները դեմարշ էին արել գործող գյուղապետի դեմ, փորձել կաթվածահար անել նրա աշխատանքը, չէին հաստատել բյուջեն և այլ փաստաթղթեր, ինչին ի պատասխան՝ գյուղապետն էլ նրանց անվստահություն էր հայտնել։
 
Արտահերթ ընտրությունների արդյունքում հեռացված ավագանիներից երեքը, ինչպես նաև նրանց երկու թիմակից վերընտրվել են, և Ազատամուտի ավագանին կրկին «ընդդիմություն» ունի»»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել