ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Մ․ Պոմպեոն դիտարկվում է որպես «Թուրքիայի թշնամի»։ Թուրքական «Habertürk» պարբերականի լրագրող Ս․ Թուրգութը դեռ 2017թ․ հոկտեմբերին լույս տեսած հոդվածում գրել է, որ Վաշինգտոնում Թիլերսոնին պաշտոնանկ անելու և Պոմպեոյին նոր պետքարտուղար նշանակելու մասին «բամբասանքներ» են պտտվում, որոնք չեն լուսաբանվում ամերիկյան մամուլում։ Հեղինակի համոզմամբ՝ Պոմպեոն բացասական է տրամադրված Վենեսուելայի, Իրանի և Թուրքիայի դեմ և վստահ է, որ Թուրքիան համագործակցում է ջիհադիստների հետ։

«Արդյո՞ք կարող է Թուրքիայի վերաբերյալ նման բացասական կարծիք ունեցող մեկը դրական մոտեցում ցուցաբերել թուրք-իրանական մտերմացմանը, նախագահ Էրդողանի կողմից Իրան կատարված այցերին և Թուրքիայում Վենեսուելայի նախագահին ցուցաբերված հյուրընկալությանը։ Եթե նա արտգործնախարար դառնա, ապա Թուրքիան կդիտարկվի որպես ԱՄՆ-ի արտաքին հրատապ խնդիր»,- ընդգծել է Թուրգութը։

Մ․ Պոմպեոյի հակաթուրքական տրամադրվածության մասին են վկայում նաև Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հաջորդ օրը Twitter-ի միկրոբլոգում արված գրառումները, որտեղ Թուրքիան բնութագրվել է «Իրանի պես տոտալիտար իսլամական դիկտատուրա», իսկ գրառումներից մեկում նշվել է, որ «Էրդողանի կառավարությունը նույնքան ժողովրդավարական է, որքան Իրանինը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել