Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությունը հերթական անգամ հերքում է Հայաստանում քաղցկեղից հիվանդացության ու մահացության վերաբերյալ հերթական անգամ հնչեցված տվյալները, ըստ որոնց՝ Հայաստանն առաջին տեղում է՝ առաջ անցնելով անգամ աֆրիկյան պետություններից:~

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը.

«Իհարկե, բարձր է, բայց այնպես չէ, որ մենք առաջին տեղում ենք: Այդ կայքը, որին հղում են անում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքը չէ, և այնտեղ այլ տվյալներ են ներկայացված»,- հերքեց Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ ԱՀԿ կայքում որպես ՀՀ բնակչության թիվ է նշվում 3,018,000-ը, և ըստ այդմ էլ կատարված են «բնակչության թիվ-հիվանդացություն» հարաբերակցության հաշվարկները , այն դեպքում, երբ  շատ փորձագետներ համարում են, որ հետևողական մարդահամարի պարագայում այդ ցուցանիշներն աղճատված են:

Նշենք, որ ՀՀ գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանի մեկնաբանությունն այս առնչությամբ Tert.am-ը կունենա վաղը:

Իսկ մինչ այդ Tert.am-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ, ով ևս ձեռնպահ մնաց որպես  «վերջին  ճշմարտություն» հերքել այս կամ այն կողմի տվյալները:

«Ինձ մոտ էլ կասկած է հարուցում վերջերս շրջանառվող ցուցանիշների ներկայացումը, քանի որ մեկ այլ կայքում էլ կարելի է տեսնել, որ քաղցկեղից հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը Հունգարիայում է: Էնպես որ… պարբերաբար մի քիչ իրարամերժ տվյալներ են հրապարակվում»,- ասաց Արարատ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ այսօր հերթական անգամ Հայաստանում քաղցկեղից հիվանդացության ու դրանից մահացության վերաբերյալ ահասարսուռ տվյալներ են հրապարակվել:

Այս մասին 1-in.am -ի հետ զրույցում հայտնել էր բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը: Ըստ այդմ՝ աշխարհի 172 երկրների շարքում Հայաստանն առաջինն է քաղցկեղից մահացության ցուցանիշով: Մեր երկիրը մահացությունների թվով գերազանցում է անգամ Զիմբաբվեին, որը մահացության ցուցանիշով երկրորդ տեղում է: Երրորդն այս ցուցանիշով Հունգարիան է:

Նշենք, որ նման հայտարարություններ առաջին անգամ չէ, որ Հայաստանի վերաբերյալ արվում են, և, մասնավորապես, 2015 -ին  World Life Expectancy («Կյանքի տևողությունը աշխարհում») կայքը հրապարակեց տվյալներ 2014-ի կտրվածքով, որոնց համաձայն` 172 երկրների շարքում Հայաստանն առաջին տեղում է` գրանցելով քաղցկեղի շուրջ 230 մահացության դեպք 100 հազար մարդկանց շրջանում, ինչը ևս ԱՆ-ը հերքել էր՝ Առողջապահության նախարարության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի մակարդակով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել