Գոյություն ունի առակ մի մարդու մասին, ում խոստացված էր հարստություն ու փառք, եթե նա 25 տարի շարունակ չլվացվեր, չսափրվեր և չսանրվեր: Կատարելով բոլոր պայմանները՝ հերոսը արքայադստերը կնության առավ ու մեծ հարստություն ձեռք բերեց: Իրական կյանքում այսպիսի պատմությունն իհարկե չէր ավարտի նման փառքով, այլ՝ հիվանդություններով ու առողջության կորստով:

Հիգիենա բառն առաջացել է հունարեն «հիգիենոս» բառից, որը նշանակում է առողջություն բերող, բուժիչ: Հիգիենան բժշկության ոլորտ է, որն ուսումնասիրում է արտաքին միջավայրի տարատեսակ գործոնների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և առողջության պահպանման պայմանները: Ընդհանուր առմամբ՝ սա գիտություն է մարդու առողջության մասին:

Եթե դիտարկենք պատմական տեսանկյունից, ապա հիգիենան սկիզբ է առել հնադարից, երբ առաջին մարդիկ իրենց առօրյա կյանքում դեռևս օգտագործում էին բնական ջրամբարներ: Հին Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում լվացարանները կարևոր տեղ էին զբաղեցնում կառավարիչների ու հայտնի մարդկանց տներում ու դղյակներում: Հին Հունաստանում հատուկ հայտնի շատ մարդկանց տներում հատուկ կահավորված սենյակներ կային, որոնց անբաժան մասը կաթսայանման լվացարաններն էին: Իսկ բաղնիքները հասանելի էին բնակչության բոլոր խավերի համար: Հունաստանի հայտնի կանայք ամեն օր լոգանք էին ընդունում: Ջրի մեջ ավելացնում էին խունկ և ժասմինի, վարդի հիմքով բուրավետ նյութեր: Լոգանքից հետո մաշկը մերսում էին յուղերով: Ամենօրյա մերսումը ոչ պակաս կարևոր էր, քան մազերը սանրելը:

Մաքրության մշակույթը կարևոր տեղ էր զբաղեցնում նաև Հին Հռոմի բնակիչների կյանքում, որտեղ այն հասել էր հարևան Հունաստանից: Հռոմում առաջին բաղնիքները հայտնվել են մ.թ.ա. 2-րդ հարյուրամյակում և նախատեսված էին միայն տղամարդկանց համար: Որոշ ժամանակ անց՝ արդեն մեր թվարկության 2-րդ դարում, բաղնիքներ գոյություն ունեին յուրաքանչյուր հռոմեացի արիստոկրատի կամ մեծահարուստի տանը: Բացի այդ՝ քաղաքում գործում էին ավելի քան տասը հասարակական կառույցներ, իսկ հենց իրենք՝ բաղնիքները, վերածվել էին զվարճանքի կենտրոնների: Այս կենտրոններում հնարավոր էր օգտվել մերսողների ու վարսահարդարների ծառայություններից: Մեծ բաղնիքներում անգամ գործում էին գրադարաններ ու ընթերցասրահներ, փոքրիկ խանութներ: Ի դեպ՝ հռոմեացիները տեղյակ չէին օճառի գոյության մասին, այլ դրա փոխարեն յուղեր էին օգտագործում, որոնք մարմնի վրա էին քսում, ապա կեղտի հետ միասին հատուկ խոզանակի միջոցով հեռացնում:

Եվրոպայի անտիկ քաղաքակրթության մայրամուտին անհետացավ նաև հիգիենայի մշակույթը: Չնայած որ 9-րդ դարում հայտնագործվեց օճառը, սեփական մարմնի մաքրությամբ զբաղվել եվրոպացիները վերսկսեցին միայն 11-րդ դարում՝ Խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ արևմտյան մշակույթը խաչվեց արևելյան մշակույթի հետ: Պատվախնդիր ասպետները չէին կարողանում թույլ տալ իրենց ավելի վատ տեսք ունենալ, քան մահմեդական հրամանատարները, որոնց կյանքում հիգիենան առավել մեծ նշանակություն ուներ: «Վերածնվեցին» հասարակական բաղնիքները, սակայն Եվրոպայում դրանք կարճ կյանք ունեցան. 16-րդ դարի կեսերին դադարեց դրանց գոյությունը մասամբ սեռական հիվանդությունների տարածման պատճառով: Վատ հոտից ազատվելու հիմնական միջոցը դարձան օծանելիքները, որոնք հասանելի էին բոլորի համար:

19-րդ դարում մարմնի խնամքի հանդեպ հետաքրքրությունը նոր մակարդակի հասավ. հիգիենան աստիճանաբար սկսեց վերածվել գիտության: Սրան առաջին հերթին նպաստեց այլ գիտությունների կտրուկ զարգացումը, հատկապես՝ քիմիայի ու բժշկության:

Մեր օրերում հիգիենայի նորմերը, ի թիվս այլ բաների, ցուցանիշ են հանդիսանում մարդու մշակութային զարգացման համար: Բոլորին հայտնի է, որ մաքրությունը առողջության գրավականն է. մաքուր լինել նշանակում է մաքուր գործել, իսկ մաքուր գործել նշանակում է մաքուր մտածել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել