Armtimes.com-ը գրում է.

«Լավ երեկո»-ի հաղորդավար Արամ MP3-ը կարծում է, որ մարտի 8-ին նվիրված թողարկման մեջ ծաղրանք չկա: Այս մասին նա նշեց armtimes.com-ի հետ զրույցում: Անցած ուրբաթ հեռարձակված հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Հեռուստադիտողներին դուր չի եկել Արուս Տիգրանյանի ռեպորտաժն «Աբովյան» ՔԿՀ-ից ու հաղորդման հյուր Ավետ Բարսեղյանի վերաբերմունքը մյուս հյուրի՝ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի նկատմամբ: Ըստ կարծիքների՝ Արուս Տիգրանյանը ծաղրել է ՔԿՀ-ի կանանց, իսկ Ավետ Բարսեղյանը՝ Լիլի Սարգսյանին: Արամ MP3-ը համամիտ չէ լսարանի հետ:

«Ես ընդհանրապես ծաղրանք չեմ տեսնում: Նպատակն ինչ-որ մեկին ծաղրելը չէ: Բնականաբար ոչ մի բան միտումնավոր չի արված: Մեկնաբանությունները չեմ տեսել, առաջին անգամ Ձեզնից լսեցի: Հաղորդումը դիտել եմ, որպես ծաղրանք ոչ մի բան չեմ տեսնում»,- ասաց նա:

Շատ հեռուստադիտողների մոտ վրդովմունք է առաջացրել ոչ միայն եթերի բովանդակությունը, այլեւ այն, որ դա ցուցադրվել է Հանրային հեռուստաընկերության եթերում: Օգտատերերի կարծիքով՝ Հանրայինը պետք է ներողություն խնդրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել