Pastinfo.am-ը գրում է.

Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել  ընդդեմ ոստիկանության ականավոր սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի  հայցադիմումի գործը կարճելու Վարչական դատարանի որոշումը:

Արսինե Խանջյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հայց էր ներկայացրել ոստիկանության գործողությունները,  այդ թվում՝ հայցվորի արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների ազատության,  ազատ տեղաշարժվելու,  անձնական ազատության և անձեռնմխելիության,  ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, իրավաբանական օգնություն ստանալու,  նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից,  խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: 

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 28.02.2017 թվականի  գործի վարույթը կարճելու վերաբերյալ  որոշման դեմ հայցվոր Արսինե Խանջյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք: 

Արսինե Խանջյանի ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանի ու Տիգրան Եգորյանի ներկայացրած վերաքննիչ բողոքում նշվում է, որ դատարանը հիշյալ որոշումն ընդունելով  խախտել  է  Սահմանադրության շուրջ  տասնյակ հոդվածներ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950թ. Եվրոպական կոնվենցիայի,   Մարդու իրավունքների 1948թ. համընդհանուր հռչակագրի,   «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966թ. Միջազգային դաշնագրի,  ՀՀ դատական օրենսգրքի,  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի,  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  հոդվածները: 

Ըստ հայցվոր կողմի, դատարանն՝ արձանագրելով, որ  անձն ինքն է որոշում իր իրավունքների,  ազատությունների և  օրինական շահերի պաշտպանության համար դիմել,  թե չդիմել դատարան,  իրականացնել,  թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը,  ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան,  ծավալը,  հիմքը և այլն,  այնուամենայնիվ գտել է,  որ հայցվորի հայցը ենթակա չէ վարչական դատավարության կարգով քննարկման: 

Դատարանը նաև  արձանագրել է,  որ վարչական մարմինների այն գործողությունները,  որոնք իրենց մեջ հանցակազմի տարրեր կարող են պարունակել,  չեն կարող որակվել՝ որպես վարչարարություն,  և դառնալ վարչադատական վերահսկողության առարկա, քանի որ այստեղ գործում է բոլորովին այլ հատուկ ընթացակարգ,  որն ուղղված է հանցագործությունների բացահայտմանը և հանցագործություն թույլ տված անձանց անձնական պատասխանատվության ենթարկելուն: 

Ըստ հայցվոր կողմի, տվյալ պարագայում դատարանը հանգել է սխալ հետևությունների,  սույն իրավահարաբերությունները վարչական իրավահարաբերություններ են,  ծագել են հանրային իրավունքի բնագավառում,  քանի որ հիմնված են մի կողմից վարչական մարմնի՝ Ոստիկանության, մյուս կողմից ֆիզիկական անձի՝ Արսինե Խանջյանի, միջև առաջացած իշխանական-ենթակայական հարաբերությունների վրա: 

Ըստ սույն գործի փաստերի՝ Արսինե Խանջյանը մասնակցելիս է եղել խաղաղ հավաքի,  իսկ Ոստիկանության աշխատակիցները,  որպես հանրային իշխանություն կրող անձ՝ իշխանության ներկայացուցիչ,  միջամտել են հայցվորի այղ իրավունքի իրականացմանը, վերջինիս անհիմն կարգով ձերբակալել   և բերման են ենթարկել: 

Ըստ հայցվոր կողմի, գործի վարույթը կարճելու մասին դատարանի  որոշումը կայացվել է նյութական և  դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ, խախտվել են անձի դատական պաշտպանության սահմանադրական և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված իրավունքները,  ինչի պատճառով այն  ենթակա է բեկանման: 

Այն,  որ սույն գործով առաջացած  հարաբերությունը հանրային է,  Վերաքննիչ դատարանի գնահատմամբ,  ակնհայտ է,  քանի որ այն առաջացել է հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի և անձի միջև,   տվյալ հարաբերությունները կարգավորվում են հանրային իրավունքի շրջանակներում և հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտը գործել է ոչ թե իր,  այլ պետության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների շրջանակներում:   Սակայն անհրաժեշտ է պարզել նշված հարաբերությունները  վարչաիրավակա՞ն են,  թե՞ քրեաիրավական, հարց է տալիս Վերաքննիչ դատարանն իր վերլուծություններում:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ չի հիմնավորվում առաջացած վեճի՝ վարչաիրավական լինելը,  քանզի անձին առանց հիմնավորման ազատությունից զրկելը (հայցվորի պնդմամբ) ենթակա է քրեաիրավական գնահատականի: Մինչդեռ՝ սույն գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ հայցվորի պնդմամբ իր նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը ենթակա չէ քրեաիրավական գնահատականի, ինչպիսի հիմնավորմամբ էլ պարզ չէ, թե վարչական մարմնի կողմից համապատասխան վարչական հարկադրանքի կիրառումը հայցվորի նկատմամբ արդյոք հանդիսացե՞լ է վարչարարության արդյունք,  թե՞ տվյալ պաշտոնատար անձի կողմից տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների չարաշահում կամ անցում, որին պետք է տրվի քրեաիրավական գնահատական: 

Վերաքննիչ դատարանն այսպիսով արձանագրել  է,  որ Վարչական դատարան դիմելու իրավունքն անձը կարող է իրացնել միայն նշված արարքներում հանցակազմի բացակայության, ինչպես նաև վիճարկվող գործողությունները քրեաիրավական դաշտում կատարված չլինելու պայմաններում: Այսինքն՝ վեճը կարող է Վարչական դատարանի քննության առարկա դառնալ միայն համապատասխան քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմնի կողմից վիճարկվող գործողություններում հանցակազմի բացակայության մասին որոշման կամ համապատասխան՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության,  ինչպես նաև վիճարկվող գործողությունները քրեաիրավական դաշտում կատարված չլինելու պայմաններում: Հետևաբար հայցվոր Արսինե Խաջյանի կողմից տվյալ դեպքում վիճարկվող գործողությունները նախ պետք է ստանան քրեաիրավական գնահատական,  իսկ դրանցում հանցագործության հատկանիշների բացակության դեպքում,  ինչպես նաև այդ գործողությունները քրեաիրավական դաշտում կատարված լինելու փաստը հաստատված լինելու դեպքում միայն կարող են ստուգվել վարչադատական կարգով՝ որպես վարչարարություն: 

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ,  վեճը տվյալ պահին որևէ դատարանում ենթակա չէ քննության,  հետևաբար այն չի կարող վերահասցեագրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը,  որ հայցվորի պնդումները,  որոնք կարող են հանցակազմի տարրեր պարունակել,  նախաքննության առարկա պետք է դառնան քրեադատավարական ընթացակարգերով, որպեսզի պարզվի այն հարցը,  թե արդյո՞ք համապատասխան պաշտոնատար անձինք թույլ են տվել քրեորեն պատժելի արարք,  թե՞  ոչ, ինչի համար պահանջվում է մինչդատական վարույթ: Այսինքն՝ հայցվորի պնդումներին պետք է գնահատական տրվի ոչ թե անմիջականորեն դատական կարգով,  այլ նախ պետք է իրականացվի մինչդատական վարույթ՝ պարզելու արդյոք հայցվորի կողմից նկարագրված արարքներում առկա՞   են հանցակազմի հատկանիշներ,  թե՞  ոչ: 

Հայցվոր կողմի փաստարկների վերաբերյալ, ըստ որոնց ոստիկանության զորքեր այցելած փաստաբանները հնարավորություն չեն ունեցել մուտք գործելու և տեսակցելու իրենց վստահորդին՝ վերջինիս իրավաբանական օգնություն ցույց տալու համար, Վերաքննիչ դատարանը գտել է,  որ  ոստիկանության ծառայողների վարքագծի վերաբերյալ այդ պնդումներն, ըստ  էության, կարող են հանդիսանալ փաստաբանների՝ օրենքով երաշխավորված գործունեությանը միջամտելը կամ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածով սահմանված է քրեական պատասխանատվություն: 

Հայցվորի՝ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքների խախտման վերաբերյալ  Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված իրավունքների ենթադրյալ խախտումներն ուղղակիորեն բխում են անձին ազատությունից անհիմն կերպով զրկելու մասին հայցվորի պնդումներին գնահատական տալուց,  հետևաբար դրանք առանձին չեն կարող քննության առարկա դառնալ սույն գործի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել