Ազգայնականությունը (nationalism) ստեղծվեց որպես ժողովրդավարության անհրաժեշտ լրացում, սակայն ժամանակակից պատմության ընթացքում այն դարձավ նրան հակասող, անգամ՝ բացառող երևույթ։

Ազգայնականությունն անհրաժեշտ էր ազգային պետության ստեղծման համար։ Ազգային պետությունն իրար հավասար քաղաքացիներն էին, որոնք «Հավասարության, եղբայրության, ազատության» լոզունգով իրականացրին ֆրանսիական հեղափոխությունը և պատմության մեջ առաջին անգամ հռչակեցին ազգը՝ հավասարների ու ազատների ֆրանսիական պետությունը։

Հաջորդ հեղափոխությունն ամերիկյանն էր, որն ազգային-ազատագրական հեղափոխությամբ ստեղծեց ամերիկյան ազգը, ամերիկյան ազգային պետությունը։ Բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունների շքերթն աշխարհում, սկսած 19-րդ դարից, ստեղծեց նոր ազգային պետություններ ու նոր ազգեր։ Ի դեպ՝ Նապոլեոնի ռազմական հաջողությունների հիմքը հենց հավասարության սկզբունքն էր, որի շնորհիվ նա հայտնագործեց համընդհանուր մոբիլիզացիայի գաղափարը. դե, եթե հավասարների ազգ եք, ուրեմն՝ բոլորդ էլ պարտավոր եք կռվել հանուն ազգի։ Քանի որ հավասարների ու ազատների ամենաակնհայտ համույթն ազգն էր, ապա ձևավորվում էր ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, և 1848թ. թվականի հեղափոխությունների շքերթի հիմքում հենց այս սկզբունքն էր։

Երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո քանդվեցին եվրոպական 3 կայսրություններ՝ Ավստրո-Հունգարականը, Օսմանյանը և Ռուսականը, նոր երկրները ձևավորվեցին հենց այս սկզբունքի հիման վրա։ Ընդհանրապես, ազգերի ինքնորոշման սկզբունքը դարձավ միակ լեգիտիմ գործիքը, որով փոխվում է աշխարհի քարտեզը։ Այն աշխատեց նաև Սառը պատերազմից հետո նոր երկրների ձևավորման համար։

20-րդ դարի վերջում ազգակերտումը կամ պետականակերտումը բացահայտեց իր ներքին հակասականությունը։ Մի կողմից գնում էր նոր ազգերի ձևավորում, իսկ դրա համար անհրաժեշտ էր «մենքի»՝ միասնականացնող հիմքի ստեղծում, ինչպես նաև՝ «նրանքի» մյուսներից առանձնանալու, ավելի ակնհայտության համար հաճախ մյուսներին թշնամանալու պրոցես։ Միաժամանակ, նորանկախ երկրների շուրջ աշխարհը վաղուց անցել էր առանձնանալու, ազգի ազատության բացարձականացման փուլը, և վերադառնում էր մարդու ազատության հիմնարար գաղափարին, որն այս դեպքում կոչվում էր գլոբալիզացիա։

Ազատության գաղափարը 20-րդ դարի վերջում ցուցաբերեց երկու հակազուգահեռ միտում։ Նորանկախ երկրները պետք է կերտեին ազգը, և քանի որ այդ ընթացքում ստիպված էին հակադրվել իրենց և ուրիշների «նրանքին», ապա բացարձականացրին ազգը՝ այն զրկելով իր հիմնական ֆունկցիայից՝ որպես մարդկանց ազատությունների և իրավունքների իրականացման գործիք։

Ազգն ընկալվում է որպես ինքնին արժեք՝ կտրված մարդուց և ավելի բարձր, քան մարդը։ Ազգի նպատակները հակադրվում են մարդկանց ազատություններին։ «Հանուն ազգի» գաղափարախոսությունն արդարացնում է ամեն ինչ, և առաջին հերթին՝ ազատությունների սահմանափակումն ու ճնշումը։ Եվրոպական միությունը փորձում է իր անդամ երկրներում բուժել «ձախություն մանկական հիվանդությունը», սակայն այստեղ էլ կան մետաստազներ․ տեսնում ենք լեհական ու հունգարական ազգայնամոլության աճը, բրեքսիթը, կատալոնական անջատողականությունը, պոպուլիզմի տարածումը ողջ աշխարհամասով։ Այնուամենայնիվ, Եվրոպայում, հաշվի առնելով նոր երկրների ժողովրդավարական անփորձությունը, հաջողությունները հսկայական են, քանի որ գլոբալիստական այս կառույցն ակնհայտորեն ցույց է տալիս միասնականության շահավետությունն ընդդեմ առանձնացման ու անջատողականության, նոր երկրները գտնվում են հմուտ ձեռքերում։

Սակայն Սառը պատերազմից հետո առաջացած մյուս երկրներում, մանավանդ նախկին ԽՍՀՄ տարածքում, որտեղ նման կոնսոլիդացնող գործոններն ուժեղ չեն, անկախ Ռուսաստանի խաղացած դերից, պետությունները դեռևս լուրջ ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի ազգի բացարձակությունից վերադառնան նրա բովանդակությանը՝ մարդու իրավունքներին ու ազատություններին։ Նոր ստացած անկախությունը չի դիտարկվում որպես հիմնական նպատակին՝ քաղաքացիների ազատականացմանը և հզորացմանը տանող ճանապարհ։

Ստեղծվել է տրամաբանական անհեթեթություն․ գործիքը հակադրվում է նպատակին։ Սա լուրջ մեթոդաբանական խնդիր է, որը կարող է ստիպել վերանայել գործիքակազմը։ Սակայն պրոբլեմը ոչ թե զուտ ինտելեկտուալ-մարտավարական հարթության մեջ է, այլ՝ որ այս թյուրընկալումների և շեշտադրումների միտումնավոր խճողումների պատճառով այս տարածքներում հազարավոր մարդիկ են զոհվում։

Աղասի Ենոքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել