Սերգեյ Կուրղինյանի ասածների մասով զարմանալ պետք չէ: Ինչ-որ մեկը հարցրե՞լ է, թե նա իրեն հայ համարու՞մ է, թե՞ ոչ: Մարդը «ԽՍՀՄ 2 նախագիծ» է քարոզում ու ժանրի կանոններով մաքրում է թե խորհրդային Կենտրոնին, թե խորհրդային Բաքվին: Ժանրի կանոններով, ԽՍՀՄ հոգեվարգի շրջանում «մեղավոր էին միայն ու միայն արևմտյան երկրների հատուկ ծառայությունները», իսկ Մոսկվայում կամ Բաքվում որոշում կայացնողները` լավագույն դեպքում միամիտ, վատագույն դեպքում` անմեղսունակ մարդիկ էինլ: Կարճ ասած, Կուրղինյանը շրջանառում է թեզը, թե ԽՍՀՄ-ը քանդելու համար Արևմուտքը Սումգայիթում, հետո Բաքվում սադրանքներ կազմակերպեց, որպեսզի կռվացնի եղբայրական ժողովուրդներին(յանի մինչ այդ պահը ոչ մի խնդիր չէր եղել պատմության ընթացքում, հին հաշիվներ ընդհանրապես չկային) ու քանդի Սովետների երկիրը: Նույն տրամաբանության մեջ, բայց արդեն հակառակ կողմից, մեկն էլ կա, որ իրեն հայ քաղաքական մտքի ռահվիրաներից է համարում ու երդվյալ հակառուս է,(անունը հատուկ չեմ գրում, հավես չկա, նորից դատարան է վազելու) ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույցներում հայտարարում էր, թե Սումգայիթի ու Բաքվի ջարդերը ԿԳԲ-ն է կազմակերպել, որ «կռվացնի եղբայրական ժողովուրդներին» ու պահի տարածաշրջանում իր ազդեցությունը:

Փորձենք հասկանալ: Հակառուսական տարրերը սումգայիթյան ու Բաքվի ջարդերի պատասխանատվությունը փորձում են բարդել Մոսկվայի վրա, իսկ հակաարևմտյան տարրերը` Վաշինգտոնի ու Լոնդոնի վրա(Թել Ավիվի մասին նույնպես խոսում են): Իսկ արանքում Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկ հայտարարում է, որ դա սադրանք էր` կազմակերպված ՀԽՍՀ և ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից, մեկ էլ` արտաքին ուժերի(սլաքն ուղղելով Արևմուտքի դեմ): Եվ, մինչ նեղ անձնական կամ խմբային, գուցե և գրատային հարցեր լուծող հասարակական-քաղաքական ծաղրածուները Սումգայիթի և Բաքվի ջարդերն օգտագործում են ինչ-ինչ խաղերի համար, բաքվեցի պրոպագանդիստները փորձում են այդ սոուսի տակ պլստացնել ԱԽՍՀ ղեկավարության պատասխանատվությունը:

Իսկ իրականությունն այն է, որ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը` զգալով, որ մոսկովյան իշխանությունն այլևս գործոն չէ(հավատացեք, պերիֆերիան միշտ շատ լավ է զգում մետրոպոլիայի թուլությունը կամ անզորությունը), որոշեց ահաբեկել Ղարաբաղում և Երևանում ցույցերի դուրս եկած մարդկանց: Ի՞նչպես պետք է ահաբեկեին. թուրքավարի, ուրիշ ձև իրենք չեն իմանում: Իրականության ու ճշմարտության համար մեր կռիվը դեռ չի ավարտվել, ավելին` գնալով այդ կռիվը սաստկանալու է: Թեթև տարեք ու զինվեք քար համբերությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել