Armtimes.com-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօր հրավիրված նիստից ժամեր առաջ օրակարգում ընդգրկվեց որոշման եւս մեկ նախագիծ, որը կոչվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին»:

Մասնակի կասեցման ենթակա համարվող որոշումը վերաբերում է դեղերը դեղատոմսով բաց թողնելուն, եւ անմիջապես էլ հանրության շրջանում կարծիքներ տարածվեցին, թե այսպիսով նախատեսվում է հետաձգել դեղատոմսերի պարտադրանքը: Այնինչ՝ նման բան չկա, եւ առողջապահության նախարարությունն իրականում գործողությունների հերթականությունն է խախտել. այսինքն՝ նախ ձեռնամուխ էր եղել դեղերի մեծ մասը փուլ առ փուլ դեղատոմսով դարձնելու գործընթացին, եւ միայն այսօր է այդ փուլայնության համար իրավական հիմք ստեղծում:

Նախարարությունը սկզբում հայտարարել էր, որ Հայաստանում գրանցված ավելի քան 4 700 անուն դեղերի ավելի քան 3 600-ը չեն կարող բաց թողնվել առանց դեղատոմսի ու նաեւ հրապարակել էր այդ դեղերի ցանկը: Անցումը, ըստ գերատեսչության, պետք է լիներ փուլ առ փուլ: Նախատեսվում էր, որ մարտի 1-ից պետք է դեղատոմսով բաց թողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղերը, հուլիսի 1-ից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից դեղատոմսով դուրս գրվեն բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող: 

Դրանից հետո, սակայն, շատերը (ու «Հայկական ժամանակ»-ն` առաջիններից մեկը) հայտարարեցին, որ նշված ժամանակացույցի համար իրավական հիմք գոյություն չունի: Եվ ահա այժմ առողջապահության նախարարությունը որոշել է լրացնել այդ բացը՝ ուշացած որոշման նախագիծ ներկայացնելով: Բայց դա այնպես է անում, որ չստացվի, թե մինչ այդ թերացել կամ ապօրինի գործունեություն է ծավալել: Նոր որոշմամբ, ըստ էության, ասում է՝ համաձայն նախորդ որոշման՝ համապատասխան ցանկում ընդգրկված բոլոր դեղերը պետք է դեղատոմսով դառնային մարտի մեկից, բայց այդ որոշումը մասնակի կասեցնում ենք եւ սահմանում, որ որոշ խմբի դեղերի բացթողումը դեղատոմսով կդառնա հուլիսի 1-ից, մյուսներինը՝ հոկտեմբերի 1-ից: Այսինքն՝ այն, ինչ հայտարարվել էր ավելի վաղ:

«Չնայած այն հանգամանքին, որ օրենսդրությամբ պահանջվել է դեղերի որոշակի խմբի դուրսգրում եւ բացթողում միայն դեղատոմսերով, երկար ժամանակ դրանք իրացվել են առանց դեղատոմսի: Իրավիճակի կարգավորմանն էր ուղղված «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը եւ հարակից օրենսդրական փաթեթը, որի համաձայն մշակվեց եւ հաստատվեց ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-ն  որոշումը` ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ սահմանելով 2018 թվականի փետրվարի 28-ը: Սակայն որոշումն ընդունելուց հետո բնակչության եւ առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ դարձավ, որ  միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների եւ դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվեց աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը»,- նշված է այսօր հրապարակված որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Այսինքն՝ այսօրվա որոշման ընդունումից հետո էլ հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղերը կշարունակեն վաճառվել միայն դեղատոմսով: Հուլիսի 1-ից` դեղատոմսով կդառնան ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից՝ բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել