Մի սկսնակ ընկերության համար բիզնես պլան էինք մշակում, հասել էինք ներդրումների բաժնին: Սկսեցինք քննարկել, թե որտեղից գտնենք ֆինանսական միջոցների պակասող մասը: Առաջինը, որ հիմնադրի միտքը եկավ, դիմել բանկին վարկ ստանալու նպատակով: Դե իհարկե, դեռ հարց էր՝ բանկը սկսնակին վարկ կտա, թե ոչ, բայց, այնուամենայնիվ, ի սկզբանե դեմ էի այդ գաղափարին: Ասեմ՝ ինչու: Առաջին հերթին՝ սկսնակ բիզնեսը պետք է ձևավորի իր դրամական միջոցներ հոսքերը, մատակարարների ցանցը, հաճախորդների բազան: Մինչ այդ վարկ վերցնելն ու առաջին ամսվանից վճարումներ անելը նման են պլանավորված ձախողման: Ստացվում է, որ սկսում ես բիզնեսն, ու արդեն բանկը դառնում է անուղղակի բաժնետեր զրոյական ռիսկով: Դու կհաջողես, բանկը կլինի քո կողքին, կձախողես, ու քանի որ ձախողել ես ի սկզբանե, ապա բանկը կփորձի իր տրամադրած գումաները ետ բերել: Ուզես, թե չուզես: 
Ես միշտ դեմ եմ եղել, որ սկսնակ բիզնեսներն ի սկզբանե բանկից վարկ վերցնեն՝ բացառությանբ այն դեպքերի, երբ այդ վարկերն արտոնյալ կամ սուբսիդավորված չեն: Այլ հարց է, երբ բիզնեսը արդեն ձևավորվել է, արդեն կան զանգացման միտումներ, արդեն կան ապագայի կանխատեսումներ: Այս դեպքում հնարավոր են տարբերակներ, եթե չկան այլ ալտերնատիվներ, բայց ոչ երբեք սկսնակների դեպքում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել