Armtimes.com-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար Արամ Արարատյանն ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը մեկնաբանելու ցանկություն չունի: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչպե՞ս եք մեկնաբանում Մանվել Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ի՞նչ գիտի Կարեն Կարապետյանն Արցախի մասին, Արամ Արարատյանը պատասխանեց. «Մանվել Գրիգորյանի անձնական կարծիքը մեկնաբանելու որեւիցե ցանկություն չունեմ»:

Ծիծեռնակաբերդում այսօր ԵԿՄ վարչության նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է իր փորձով եւ լրագրողներին հարց առաջադրեց: «Եթե դուք կարողանաք այսօր մի հատ մարդու անուն տալ այս Հանրապետության մեջ, բացի իրենից, որ կարող է Ալիեւի կամ Ադրբեջանի հետ Արցախի հարցով  «պերեգավորներ» կամ խոսք տանել, ինձ ասեք, ես…»: Երբ Մանվել Գրիգորյանի առաջարկին ի պատասխան տվեցինք վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, նա այսպես արձագանքեց. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից: Լավ վարչապետ է, կարող է հետագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ սաղ աշխարհի… Վազգենից էլ, Լեւոնից էլ, Ռոբերտից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք: Այս պահին ես չեմ տեսնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել