Թե՛ 1988թ․ և թե՛ 1991թ․ դրությամբ աշխարհում արհեստական բանականությամբ աշխատող ցանկացած հաշվիչ մեքենա կբացառեր առաջիկա պատերազմում Հայաստանի հաղթանակի հնարավորությունը։ Երկրաշարժ վերապրած, արդյունաբերական երկրից երրորդ աշխարհի հետնամասի վերածված, էներգետիկ և հաղորդակցային շրջափակման մեջ գտնվող, պարբերաբար սպառվող ցորենի պաշարներով, փախստականների ու տնանկների նորանոր ալիքներ ընդունող, արտագաղթի առաջին խոշոր հոսքերն ապրող, թշնամուն բնակչությամբ ու պատերազմական ռեսուրսով մի քանի անգամ զիջող, ներքաղաքական խնդիրներով բռնված Հայաստանի հաղթանակի հավանականությունը ձգտում էր զրոյի։ Այդ իսկ պատճառով, ընկերնե՛ր, Ղարաբաղի հաղթանակը հրաշք է, ինչպես ցանկացած երևույթ, որ հակասում է հավանականության տեսությանն ու իրականության մասին առկա մարդկային պատկերացումներին։ 
Այդ հրաշքը հնարավոր է դարձել շնորհիվ նրա, որ մի խումբ պատասխանատու անձինք ու, ընդհանուր առմամբ, մի ամբողջ ժողովուրդ քմծիծաղ են նետել իրականության աչքերին ու անցել են կերտելու իրենց իրականությունը։ Ղարաբաղը մերն է, որովհետև մի խումբ անձինք ու մի ամբողջ ժողովուրդ ավելի շատ հավատացել են իրենց երազանքին, քան գոյություն ունեցող իրականությանը։ 
Այսօր այդ հրաշքը կերտողներից մեկը կդառնար 59 տարեկան, եթե չլիներ արարմունքին հակադիր կործանող տարերքը, սիրուն հակադիր ատելության չարիքը։ 
Ծնունդդ շնորհավո՜ր, Վազգե՛ն։ Ավելի լավ ոչ ոք չի կարող բնորոշել 1990-ականների մեր զոհաբերությունն ու նվաճումը, քան դու ես արել 1996թ․-ին․ «Եթե սրանից մի յոթ տարի առաջ՝ 1988 թվականին, որևէ մեկը հայտնվեր այն ժամանակ Օպերայի հրապարակի հարթակի վրա և ասեր, որ անցնելու է ընդամենը յոթ տարի, և դուք ունենալու եք անկախ պետականություն, դուք ունենալու եք ինքներդ ձեր ճակատագիրը որոշելու հնարավորություն, ունենալու եք ազգային բանակ, ունենալու եք Հայաստանին միացած Արցախ, գումարած Արցախի հետ ևս ութ շրջան, և եթե հարցնեին․ «Ժողովո՛ւրդ, այս ամենն ունենալու համար դուք պատրա՞ստ եք ևս 5-6 տարի երշիկ չունենալ», բոլորդ միահամուռ կասեիք` «այո՛», և ի սրտե կասեիք՝ համոզված եմ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել