Armtimes.com-ը գրում է.

Այսօր՝ 2018 թվականի մարտի 2-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իր կողմից ներկայացված բողոքի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ բացատրություն է ներկայացրել:

Այս մասին հայտնում է «Երկիր Ծիրանիի» մամուլի ծառայությունը:
Ըստ այդմ՝ Փոստանջյանը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանում շարունակական բնույթ կրող՝ լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտող Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի վերաբերյալ, մասնավորապես՝ նրա կողմից Տարոն Մարգարյանի հրահանգի ներքո կատարվող ապօրինությունների դեմ:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պահանջել է քրեա-իրավական գնահատական տալ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի արարքներին՝ նրա կողմից լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելուն՝ 2018 թվականի փետրվարի 13-ին և 2018 թվականի փետրվարի 19-ին:

Միևնույն ժամանակ՝ պահանջել է կանչել հարցաքննության Տարոն Մարգարյանին, ով շահագրգիռ կողմ է լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու հարցում, մասնավորապես՝ 2018 թվականի փետրվարի 13-ին և 2018 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած ապօրինությունների համատեքստում՝ ցանկանալով խոչընդոտել և սահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը Երևանի քաղաքապետարանում:

Զարուհի Փոստանջյանը շեշտել է, որ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի կողմից ապօրինի հրամաններ արձակելը չէր կարող տեղի ունենալ առանց Տարոն Մարգարյանի գիտության և հավանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել