Armtimes.com-ը գրում է.

Երեւանի քաղաքապետի խորհրդական, Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը հերքում է իր մեղավորությունը ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի (ՀԱՈՒՖ) շուրջ ստեղծված աղմուկի մեջ: ՀԱՈՒՖ-ից մամուլի հաղորդագրություն են տարածել՝ պնդելով, որ առանց իրենց համաձայնության Երեւանի ուշուի ֆեդերացիան գրանցվել է որպես իրավաբանական անձ եւ նախագահ է նշանակվել Երեւանի Շենգավիթ համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արայիկ Աբրահամյանը: Ըստ ՀԱՈՒՖ-ի՝ սա կազմակերպել է Գոռ Վարդանյանը, որպեսզի պառակտում առաջացնի մարտարվեստների դաշտում եւ ստեղծված իրավիճակը ծառայեցնի իր սեփական շահերին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ ոչ մի կապ չունի տեղի ունեցածի հետ:

«Նրանց ներքին պրոբլեմներն են: Հավանաբար չեն կարողանում աշխատանքը ճիշտ ծրագրավորել եւ ամեն փոքր բանի մեջ ման են գալիս ինչ-որ մեկին, հավանաբար այս պարագայում ինձ, որպեսզի PR լինեն, իմ անունը դնեն իրենց հոդվածների վրա, որ կարողանան դիտողականություն ապահովել: Ես ի՞նչ կապ ունեմ իրավաբանական անձ ձեւակերպելու հետ: Եթե մի քիչ գոնե օրենքը հասկանում են... Ես պարզապես օգնում եմ մարդկանց Երեւանի շրջանակներում, որպեսզի զարգանան, էլ ավելի կարգավորվի սպորտը եւ ոչ միայն ուշուն: Եթե Տիգրան Չոբանյանն (խմբ. ՀԱՈՒՖ նախագահ) այս տարիքում դեռ չի կայացել եւ իր չկայացած վիճակն արտահայտվում է մի այլ կերպ, դա արդեն իր անձնական պրոբլեմն է»,- ասաց Վարդանյանը:

Տարածած մամուլի հաղորդագրությունում ՀԱՈՒՖ-ը նաեւ իր անվստահությունն է հայտնել Գոռ Վարդանյանին՝ պահանջելով նրա հրաժարականը քաղաքապետի սպորտի գծով խորհրդականի պաշտոնից: ՀԱՈՒՖ-ը նաեւ արգելել է բոլոր մարզիչներին ու մարզիկներին մասնակցել ուշուի քաղաքային ֆեդերացիայի միջոցառումներին: Արգելքը շրջանցող մարզիչները եւ մարզիկներն, անկախ իրենց դիրքից եւ վաստակից, անմիջապես կհեռացվեն ՀԱՈՒՖ-ի կազմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել