Armtimes.com-ը գրում է.

Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող Քարերի սիմֆոնիա պատմամշակութային հուշարձանի տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժվում է: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ ապամոնտաժման աշխատանքները մի քանի ժամից կավարտվեն, իսկ կառուցապատողը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով:

Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը մեր զրույցում ասաց, որ Քարերի սիմֆոնիայի խնդրի շուրջ համայնքում այսօր տեղի է ունեցել լսում: «Մինչեւ լսումներն էին հայտարարի եկել, կառուցապատող բնակիչը համաձայնվել էր, որ պետք է քանդի այդ կառույցը: Լսումների ժամանակ քննարկվել է հողի հետագա ճակատագիրը: Բնակիչը բանկից վարկ էր վերցրել, ծախս էր արել, քննարկել ենք, թե ինչով կարող ենք օժանդակել, որ այդ ծրագիրը մեկ այլ վայրում կարողանա իրականացնի»,- ասաց Ահարոն Սահակյանը՝ նշելով, որ կառուցապատողը Գառնիի կիրճում այլ տարածք ունի, որը Քարերի սիմֆոնիայի տարածքում չէ: Համայնքի ղեկավարը նշեց, որ այդ տարածքում հնարավոր է կառուցապատում իրականացնել, իսկ թե ինչ տեսք կունենա, նա տեղյակ չի:

Հարցին՝ լավ, ապամոնտաժում է, իսկ չի՞ տուգանվելու, տուգանք չկա՞, գյուղապետ պատասխանեց. «Իհարկե կա, վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում կա՝ 200 հազար դրամի չափով տուգանելու մասին»: Գառնի համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ մի քանի ժամից ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն:

Անդրադառնալով Քարերի սիմֆոնիայի տարածքի անբարեկարգ վիճակին՝ Ահարոն Սահակյանն ասաց, որ Համաշխարհային բանկը դրամաշնորհ է տրամադրել, տարածքային զարգացման հիմնադրամը ծրագիր է ներկայացրել: «Մրցույթ է հայտարարվելու, երեւի ապրիլ-մայիս ամսից աշխատանքները կսկսվեն ճանապարհը բարեկարգելու, լուսավորելու, ջրահեռացման համակարգ ստեղծելու համար: Այս տարվա մեջ շինարարական աշխատանքները կսկսվեն:

Հիշեցնենք, որ Քարերի սիմֆոնիայի տարածքում մոտ մեկ շաբաթ առաջ կառուցապատում էր սկսել Գառնի համայնքի մի բնակիչ: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խնդրի ի հայտ գալուց հետ հայտարարեց, որ տարածքը մասնավոր է, սակայն կառուցապատումը կասեցվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել