Armtimes.com-ը գրում է.

Իրանն ու Իսրայելը կարող են պատերազմել միմյանց դեմ արդեն հաջորդ տարի: Նման եզրակացության են եկել The National Interest-ի փորձագետները՝ վերլուծելով Մերձավոր Արեւելքի այդ պետությունների գործողությունները:

Հեղինակները նշում են, որ Իրանն արդեն այսօր տարածաշրջանում ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում: Նրա զինվորականները եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները մասնակցում են Սիրիայում պատերազմին: Իրանը նաեւ աջակցում է լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության ջոկատներին: Պարբերականը նշում է, որ եթե Իրանն օգտագործի իր իրաքյան շիա աշխարհազորայիններին, աֆղաններին եւ պակիստանցիներին, ինչպես նաեւ իր սեփական ուժերն Իսրայելի դեմ հարձակումների համար, հնարավոր է՝ Իսրայելի եւ Իրանի միջեւ հաջորդ տարի պատերազմ սկսվի:

Իրանը եւ Իսրայելը փետրվարի առաջին կեսին արդեն բախում ունեցել են: Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ իսրայելցի զինվորականներն իրենց տարածքում իրանական անօդաչու սարք են որսացել, ինչից հետո իսրայելցիներն իրանական ուժերի ուղղությամբ հարված են հասցրել: Դրան ի պատասխան սիրիական ՀՕՊ-ն իսրայելական F-16 է կործանել: Եթե իրադարձությունները զարգանան էսկալացիայի ուղղությամբ, ապա, ինչպես կարծում են պարբերականի փորձագետները, Իրանի եւ Իսրայելի միջեւ պատերազմ կարող է սկսվել արդեն 2019 թվականին:

Վերլուծաբանների կարծիքով՝ պատերազմի սկսվելու մեկ այլ պատճառ կարող են դառնալ Իրանի ներքին խնդիրները: Այդ երկրի ղեկավարությունը կարող է հակամարտության գնալ՝ երկրի ներքին խնդիրներից սեփական բնակչությանը շեղելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել