Զոհված զինվորի ու եկեղեցու հարցը չափազանց էմոցիոնալ է ու տաք այս պահին, որպեսզի Ֆեյսբուքն ադեկվատ ու կշռադատված արձագանքի եղելությանը, սակայն փորձեմ այս պահին առկա հրապարակային հայտարարություններով ու փաստերով անցնել․

1․ Զոհվել է զինվոր, որի մարմինն ուզել են եկեղեցում դնել։

2․ Շիրակի թեմի առաջնորդը դեմ է եղել ու հեռախոսազրույցով էլ հաստատել է, որ դեմ է եղել՝ նշելով, որ ունեցել է պատճառներ։

3․ Դեմ լինելու հիմնական ակնարկվող շարժառիթն այն է, որ, ըստ թեմի առաջնորդի, զոհվածը մկրտված չի եղել։

4․ Մյուս կողմից՝ կա նաև շատ հեղհեղուկ ու չհաստատված տեղեկություն, որ զոհվածը մկրտված եղել է։

5․ Գյումրեցիք գրավել են եկեղեցին։

6․ Ֆեյսբուքում սռաչ է, ընդ որում՝ զոհված զինվորին քրիստոնեական կարգով չհուղարկավորելն ամենից շատ զայրացրել է աթեիստ-մաթեիստներին ու պացիֆիստ-մացիֆիստներին։ Համենյան դեպս, ամենաշատ վրդովվողները, ում ես տեսա, այն կոնտինգենտից են, որ պարբերաբար ծաղրում/քննադատում/քֆրտում են թե՛ բանակը, թե՛ եկեղեցին։

Հիմա հարցը կարելի է դիտարկել կա՛մ լայն սպեկտրով, կա՛մ լոկալիզացված։ Լայն սպեկտրը, առհասարակ, երևույթն է ու բերված փաստարկների համապատասխանությունը իրականությանը։

1․ Արդյո՞ք ՀԱԵ-ն անխտիր բոլոր չմկրտվածների մարմինն է արգելում դնել եկեղեցում։ Դե յուրե՝ այո, դե ֆակտո՝ ոչ։

2․ Օդից չեմ կրակում․ երբ պապս մահացավ, ու բանը հասավ դրան, հարցի գինն այդքան էլ հոգեղեն չէր ու չեմ հիշում, որ պրոբլեմ ծագեր այն փաստի հետ, որ պապս սաղ կյանքը կոմունիստ էր ու մկրտված չէր։

Սակայն որքանո՞վ է ճիշտ ընդհանրացնելը, չէ՞ որ կան նաև պարկեշտ ու հավատավոր եկեղեցական այրեր էլ։ Ուստի չի կարելի անտեսել հարցի լոկալ դիտարկումը, որը հետևյալ հարցադրումներին է հանգում․

1․ Արդյո՞ք Միքայել սրբազանին կարելի է մեղադրել, որ այլ դեպքերում նա անտեսել է այդ սկզբունքներն ու ըստ իրավիճակի՝ իրարամերժ քայլեր արել։ Ինձ նման փաստեր հայտնի չեն։

2․ Եթե Միքայել սրբազանն իրոք սկզբունքային է եղել այսօրինակ հարցերում, ապա որքանո՞վ են արդարացված գյումրեցիների գործողությունները։ Վերջիվերջո, եկեղեցին սգո սրահ չէ, ու հարևան-բարեկամի քմահաճույքով չի որոշվում, թե արդյո՞ք քրիստոնեական կարգով հոգեհանգստի ու հուղարկավորության ենթակա է անցավորը, թե՞ ոչ։

Ցանկացած պարագայում շատ տգեղ պատմություն է ու կրկնում եմ՝ շատ զգայական, ինչից էլ փորձում են օգտվել տարբեր կասկածելի սուբյեկտներ։ Ամեն դեպքում՝ զոհվածի ընտանիքին համբերություն, ողջամիտ քաղաքացիներին՝ սառնասրտություն, բոլորիս՝ համերաշխություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել