Ամերիկան ավտոմեքենաների երկիր է։ Երբ անցած դարի 10-ական թվականների սկզբին Հենրի Ֆորդը գործարկեց հոսքագիծը, նվազեցրեց 1 մեքենայի հավաքման ժամկետը շուրջ 8.5 անգամ։ Ամերիկան լցվեց հայտնի սեւ T մոդելով, տարեկան ավտոմեքենաների քանակն ավելանում էր 40-50%-ով՝ արդեն 1912թ. հատելով 1 միլիոնի սահմանը։ Այժմ ավտոմեքենաների քանակը ԱՄՆ-ում գերազանցում է 270 միլիոնը։ Աշխարհում այսօր հաշվվում է շուրջ 1 միլիարդ ավտոմեքենա, այսինքն՝ ամերիկյան պարկը գերազանցում է ընդհանուր թվի քառորդը։

Ամերիկացիները նստեցին ղեկին, իսկ դա ստեղծեց նոր խնդիրներ, որից առաջինը, որ ծնեցին ավտոմեքենաները, բենզինի խնդիրն էր։ Ըստ էության, ավտոմեքենաներն էին նավթարդյունաբերության հիմնական խթանը, եւ ներկայիս աշխարհի նավթային տրամաբանությունը պայմանավորված է հենց ավտոմեքենաների զարգացմամբ ու քանակային աճով։ Չնայած նրան, որ ԱՄՆ-ը նավթի ակտիվ ներկրող ու արտահանող չէ, երկրում ավտոմեքենաների հսկայական քանակը հենց նշանակում է, որ նա է նավթի հիմնական օգտագործողը եւ ուրեմն՝ նաեւ նավթի գների կարգավորողը։ Կարծես աշխարհը «նավթային ասեղին» նստեցնելու մեղքը քավելու համար է, որ այժմ Միացյալ Նահանգներում մշակվում է էլեկտրական մեքենաների անցնելու քաղաքականությունը։

Սկզբում դրանք հիբրիդ մեքենաներն էին, որոնք աշխատում էին ե՛ւ բենզինով, ե՛ւ էլեկտրականությամբ, իսկ այժմ Իլոն Մասքն իրականացնում է «Տեսլա» հեղափոխությունը. այս մեքենաներն աշխատում են բացառապես էլեկտրականությամբ, գերհագեցած են էլեկտրոնիկայով եւ, ըստ էության, կարող են աշխատել բացարձակ ինքնագնաց ռեժիմով՝ առանց վարորդի։ Էլեկտրամոբիլները, սակայն, պահանջում են սեփական ենթակառուցվածքի, առաջին հերթին՝ լիցքավորման կայանների ստեղծում։ Նույնիսկ ողջ Ամերիկայով չի ստեղծվել անհրաժեշտ ենթակառուցվածքը՝ չխոսելով մնացած աշխարհի մասին։ Տեսլան դեռեւս մնում է կալիֆորնիական երեւույթ, մինչեւ Միացյալ Նահանգները, այնուհետեւ՝ երկրագունդը կծածկվի լիցքավորման կայանների ու սպասարկման կետերի անհրաժեշտ ցանցով։ Սակայն, չնայած դրան, այս մեքենան մնում է ամենացանկալին ԱՄՆ-ում, եւ այն ձեռք բերելու համար տարիներով հերթեր են։

Մյուս կարեւոր խնդիրը ճանապարհներն են։ Այժմ Միացյալ Նահանգները ծածկված է ֆրիվեյների եւ հայվեյների խիտ ցանկով, կենտ համարները գնում են հարավից հյուսիս, իսկ զույգերը՝ արեւմուտքից արեւելք։ Այս ճանապարհները հիմնականում ֆեդերալ կառավարության հոգածության տակ են, եւ զարմանալիորեն այս համակարգը կտրուկ զարգացավ Սառը պատերազմի տարիներին որպես հնարավոր միջուկային հարձակման դեպքում էվակուցիայի միջոց։ Չնայած ճանապարհներն անընդհատ շատանում են, լայնանում են, զարգանում են, այնուամենայնիվ, աշխարհի 2 ամենավատ վարորդական տարածքները ԱՄՆ-ում են՝ Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիսկոյի շրջաններում։ Այստեղ փոխվում է երկարության միավորը, կարեւորը ոչ թե այն է, թե A քաղաքը քանի մղոն է հեռու B քաղաքից, այլ թե քանի րոպեում կամ ժամում կհասնես, որովհետեւ ոչ այնքան կարեւոր է նրանց հեռավորությունը, որքան՝ թե ինչպիսին է խցանումների վիճակը։

Այս ամենը մյուս զուտ ամերիկյան խնդրի՝ հանրային տրանսպորտի թերզարգացման հետեւանք է։ Միայն մի քանի քաղաքում է, որ հնարավոր է մշտապես ու կանոնավոր օգտվել ավտոբուսներից, մետրոյից եւ հանրային այլ տրանսպորտից (մարշրուտկաներ նույնպես չկան)՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում ու, թերեւս, Չիկագոյում։ Մնացած ողջ տարածքում ավտոմեքենան ոչ թե շքեղություն է, այլ՝ տեղափոխման միջոց։

Ամերիկյան կենցաղը հարմարեցված է ավտոմեքենաների այս տրամաբանությանը։ Դժվար է տեսնել մի բիզնես, խանութ կամ ռեստորան, որ չունենա իր ավտոկայանատեղին, այլ տարբերակում այն պարզապես չի աշխատի։ Խանութներից, բանկերից ու ռեստորաններից շատերն ունեն պատուհաններ, որտեղից սպասարկում են այն հաճախորդներին, ովքեր չեն ուզում դուրս գալ մեքենաներից (drive through)։ Այժմ, որպես էկզոտիկա, դեռեւս պահպանվել են մի քանի ռեստորան, որտեղ առանց մեքենայից դուրս գալու սեղան էին հարմարեցնում եւ մատուցում սնունդը, իսկ անցած դարի 60-ականներին դրանք շատ տարածված էին։

Չնայած մեքենաների հսկայական քանակին՝ ճանապարհային պատահարները շատ չեն։ Ճանապարհային նշանները շատ մանրամասն են, տրամաբանական են, եւ հաճախ ճանապարհային սիմվոլների փոխարեն պարզապես նշանների վրա գրում են սահմանափակումների մասին։ Վարորդները սովորաբար չեն խախտում կանոնները, անսթափ վիճակում չեն վարում, արագությունն էլ շատ չեն գերազանցում։ Ոստիկանները հաճախ են թաքնվում թփերում, բայց կաշառք չեն վերցնում եւ երբեմն ըմբռնումով են մոտենում։

Որպես վարորդների երկրի սիմվոլ կարելի է համարել այն փաստը, որ ամերիկացիների համար հիմնական փաստաթուղթը վարորդական իրավունքն է, եւ այն պահանջում են ոչ միայն ոստիկանները, այլեւ՝ ամեն տեղ՝ խանութում, բանկում, սիգարետ ու ալկոհոլ գնելու ժամանակ։ Անձնագիրն ամերիկացիներն օգտագործում են միայն արտասահման մեկնելուց, իսկ քանի որ շատերը չեն էլ լքում երկրի սահմանները, ապա պարզապես անձնագիր չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել