Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի Ելենա Բորիսենկոն որքան շփվող ու դրական մարդ է, նույնքան փակ է, երբ հերթը հասնում է իր զգացմունքներին։ Անձնական կյանքը փակ պահող դերասանուհուն տարիները սովորեցրել են, որ սերն ու երջանկությունը լռություն են սիրում։ Tert.am Life–ը նրա հետ զրուցել է գործունեության, կյանքի ամենաբարդ փուլի, դավաճանության մասին։
Աշխատանքային անցած ճանապարհս չգնահատել չեմ կարող։ Ես իմ մասնագիտությամբ կարողանում եմ վաստակել հացս, զգում եմ ժողովրդի սերը, ունեմ լուրջ ֆիլմերում նկարահանվելու հնարավորություն։ Ես ունեմ թատրոնում անցած ճանապարհիս վառ հիշողությունները և վաղվա ճանապարհն անցնելու հույսը։
Եթե գլոբալ անդրադառնամ թեմային` գո՞հ եմ այն կետից, որում գտնվում եմ, միանշանակ, կասեմ, որ գոհ չեմ։ Այն պահին, երբ գոհ լինեմ, կնշանակի` այլևս անելիք չունեմ մասնագիտությանս մեջ, աճելու տեղ չունեմ։ Ես դժգոհ եմ իմ արածից, որովհետև գիտեմ, որ կարող էի անել ավելին։ Ես միշտ աճելու և սովորելու պրոցեսի մեջ եմ։ Այն, ինչ արել եմ երեկ, այսօր չի բավարարում ինձ։ Անցած ճանապարհիս գնահատականը բազմաշերտ է։ Մի կողմից համարում եմ, որ մեծ դժվարությունների, ջանքերի և տառապանքների շնորհիվ վաստակել եմ իմ տեղը մասնագիտությանս մեջ, մյուս կողմից դա ոչինչ է` զրո։ Դա զրո է` որպես այսօրվա Լենայի արժեք։ Մարդը քայլում է և սովորելով գնում առաջ, բայց այդ ամենը չի բավարարում ինձ, որովհետև այսօրվա պահանջներս մեծ են։ Չնայած, նշանաձողս ի սկզբանե բարձր էր։ Ես մտածում եմ, որ չկա` «չեմ կարող», կա «չեմ ուզում»։ Վստահ եմ` եթե ինչ–որ բան ուզում ես, կհասնես դրան։ Ուղղակի կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խանգարող գործոններ, որոնք քեզանով չեն պայմանավորված։ Բայց դրանց մասին խոսել չեմ ուզում, որովհետև դրանք խիստ անձնական են։