Ամեն առիթով զինվորին՝ որպես օգնության սպասող օբյեկտ դիտարկելը հետագայում շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ առաջինը հենց զինվորի համար: Չգիտեմ՝ կոնկրետ որ պահից սկսվեց այս գործընթացը, բայց արդեն մեծ թափ է հավաքել, ու կանգնեցնելը բավականին բարդ է լինելու:

Նույնիսկ ամենահզորները և զենքի ու գումարի խնդիր չունեցողները փորձում են իրենց բանակը, որքան հնարավոր է հեռու պահեն կենցաղային մակարդակից ու զինվորին ընդունում են այնպես, ինչպես պետք է ընդունվի մեկը, ով երկրի գլխավոր ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչն է, ում խղճալ հարկավոր չէ, քանի որ խեղճ զինվորը նույն ձև նաև ծառայություն է իրականացնելու:

Աշխարհում անթերի բանակներ չկան: Նույնիսկ ԱՄՆ-ի բանակը, որտեղ ամեն զինծառայող իր նոթբուքն ունի, և սպաները շարքային զինվորների հետ «պարոնով» են խոսում, շատ հեռու են իդեալական լինելուց: Սակայն փորձեք համացանցում փնտրել ու գտնել ԱՄՆ բանակին վերաբերվող վատ ու խղճահարություն առաջացնող նյութեր: Ես փորձել եմ ու երկար փնտրելուց հետո 1-2 նյութ եմ գտել:

Իսկ փորձեք նույն կերպ նյութ փնտրել հայկական բանակի մասին, որը մի քանի անգամ զիջում է ԱՄՆ-ի բանակին և՛ զորքի քանակով, և՛ ռազմական բյուջեով, և՛ նույնիսկ պատահարներով:

Հազարավոր «վստահելի աղբյուրներ» իրենց լսած ու տարածածը փաթաթում են մեր ականջներին, հազարավոր «բարերարներ» գումար են հավաքում «խեղճ» հայ զինվորի համար:

Հեռու չգնանք, թշնամու բանակի օրինակը ևս կարելի է աչքի տակ ունենալ: Բանակի ղեկավարությունը նույնիսկ թքած ունի ոչ պաշտոնական տարածված զոհերի ու վիրավորների մասին լուրերի վրա ու կյանքում ո՛չ հերքում,
ո՛չ հաստատում է դրանք: Երկրի ներսում մարդիկ նույնիսկ իրար ականջի իրավունք չունեն բանակի մասին որևէ սխալ կամ թեկուզ ճիշտ խոսք փոխանակեն առանց ռազմական ղեկավարության թույլատվության:

Բանակի թեման չափից շատ է բաց թողնվել ու չի վերահսկվում կամ վերահսկվում է շատ վատ: Ու հենց սրա համար է, որ մարդիկ մի շարք կեղծ պատկերացումներ ունեն բանակի ու զինվորի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել