Անընդհատ փորձ է արվում քրդերի հարցը և Արցախի հարցը բերել նույն հարթության մեջ, որը շատ մեծ սխալ է:
Արցախն ու նոր ստեղծվող Քրդստանն այնքան հեռու ու տարբեր բևեռներում գտնվող հարցեր են, որքան, ասենք, Հայաստանն ու նոր ստեղծվող Քրդստանը:
Ես չեմ թերագնահատում քրդերի պայքարը, ավելին՝ ողջունում եմ, որ վերջապես իրենց մեջ ուժ են գտել ու թուրքերից պահանջում են այն, ինչը 100 տարի առաջ խոստացան իրենց թուրքերը: Բայց պետք չէ պետականությունը, որն ունեցել է դարերի պատմություն, բերել ու հավասարացնել նոր-նոր ստեղծվող պետականության հետ: Այսօրվա քրդական հարցը չէր լինի, եթե, դիցուք, նրանց թիվը կազմեր 2,5 կամ 3 միլիոն: Քրդերը երբեք չեն ունեցել պետականություն, սակայն այսօր՝ ելնելով իրենց ժողովրդագրական աճից, նրանք աշխարհին պետություն ունենալու հայտ են ներկայացրել, որը վաղ թե ուշ ընդունվելու է: Սակայն Հայաստանը, առավել ևս՝ Արցախը ոչ թե ժողովրդագրական աճի պատճառով է անկախացել ու պետություն ստեղծել, այլ պարզապես վերականգնել է պատմական արդարությունը, Հայոց պետականության մի մասը նորից վերակազմավորվել ու դարձել է պետություն: 
Արցախահայության և քրդերի պայքարը նույնն է այնքանով, որ երկուսն էլ կռվում են գրեթե նույն թշնամու դեմ, բայց այ հիմքերն ու պատճառները բոլորովին տարբեր են: 
Եվս մեկ անգամ ցանկանում եմ փաստել, որ ինքս ողջունում եմ քրդերի պայքարը, ողջունում եմ պետականություն ունենալու իրենց դիրքորոշումը, բայց խնդրում եմ այլևս Արցախն ու Քրդստանը չդնել նույն հարթության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել