Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքը շատ մեծ է։ Այն տարածվում է Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս՝ գրավելով Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտին։ Միացյալ Նահանգներն աշխարհից առանձնացած է այս երկու օվկիանոսներով։

Եթե մեծ տարածք ունեցող մյուս երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Կանադան կամ Բրազիլիան, կլիմայական կամ լանդշաֆտային պատճառներով յուրացրել են իրենց տարածքի միայն մի մասը, քանի որ մնացածը զբաղված է անանցանելի անտառներով, տունդրայով, ջունգլիներով, անապատներով, կամ լեռներով, ապա ԱՄՆ-ն բնակելի ու մշակելի է դարձրել երկրի ողջ տարածքը։ Սկզբում 13 նահանգներից կազմված երկիրը 1776 թ. հռչակվեց այժմյան ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան հատվածում, սակայն անցած համեմատաբար կարճ ժամանակահատվածում կազմակերպչական, քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական միջոցներով շատ արագ Վաշինգտոնն իր իշխանությունը տարածեց դեպի արեւմուտք ու հարավ։

Ամերիկայի ողջ տարածքը փոխկապակցված է մայրուղիների՝ հայվեյների, ֆրիվեյների եւ այլ նշանակության ավտոճանապարհների խիտ ցանցով, ինչն էլ հնարավորություն է տալիս օգտագործելի դարձնել այն ամբողջապես։ Երկաթուղային տրանսպորտը, որը երկրի զարգացման ցուցանիշն ու կարեւորագույն միջոցն էր մինչեւ 20-րդ դարի կեսերը, աստիճանաբար իր տեղը զիջել է ավտոմեքենաներին, եւ այժմ անգամ բեռնափոխադրումների մեծ մասն է կատարվում ավտոմոբիլային տրանսպորտով։

Ամերիկյան խոշոր քաղաքները տեղակայված են երկրի պարագծով՝ Բոստոն-Նյու Յորք-Ֆիլադելֆիա-Վաշինգտոն մեգապոլիսային ցանցը արեւելքում՝ Ատլանտյանի ափին, Չիկագո-Դեթրոյտը հյուսիսում՝ Մեծ լճերի ափին, Սան Դիեգո-Լոս Անջելես-Սան Ֆրանցիսկո ցանցը արեւմուտքում՝ Խաղաղ օվկիանոսի ափին, իսկ Հյուսթոն-Դալլասը հարավում՝ Մեքսիկայի սահմանի մոտ։ Մնացած տարածքներն ունեն բնակչության ավելի քիչ խտություն, գերակշռում են փոքր քաղաքներն ու ֆերմաները։ Եթե սահմանային պարագծով տեղավորված են արդյունաբերական գիգանտները, ապա ներքին տարածքներն ավելի շատ թողնված են գյուղատնտեսության զարգացման համար։ Երկիրն ինչ-որ առումով նմանվում է միջնաբերդի՝ արդյունաբերական ամրացված պատերով եւ ավելի քիչ բնակեցված ներքին տարածքներով։

Նշված խոշոր մեգապոլիսները համարվում են Ամերիկայի «ձուլման կաթսաները»։ Հիմնականում այստեղով են անցնում ներգաղթյալների հոսքերը, ինչն ունի իր բնական բացատրությունը․ մեգապոլիսներում ավելի հեշտ է աշխատանք գտնելը, այստեղ ավելի քիչ են զգացվում լեզվական խնդիրները, քանի որ շատ են անգլերենին լավ չտիրապետողները, այստեղ հասարակությունը եւ քաղաքականությունը շատ ավելի հանդուրժողական են ներգաղթյալների նկատմամբ։ Այս տեղերում կան նաեւ էթնիկ կենտրոններ, մեզ լավ հայտնի են Գլենդելի հայկական խոշոր համայնքը կամ Նյու Յորքի Բրուքլինում Բրայթոն Բիչի ռուսական-հրեական լեգենդար կենտրոնը, որի մասին շատ երգեր են հյուսվել։

Մեծ տարածքներն առաջացնում են նաեւ դրանով պայմանավորված կենցաղ։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների բնակչությունը նախընտրում է արվարձանային (suburbian) կենցաղը։ Դա նշանակում է բանուկ քաղաքային կենտրոնից հեռու տներ՝ հիմնականում 1-2 հարկանի, սեփական բակով, փոքր այգով, առանձնացված կենցաղով (privacy)։

Նման կենսակերպը ծնում է տարածքի ընկալման հետ կապված այլ մոտեցումներ։ Օրինակ՝ շատ հաճախ տնից մինչեւ աշխատավայր ամերիկացին կարող է շուրջ մեկ ժամում հասնել, եւ դա նորմալ է համարվում։ Քիչ չեն դեպքերը, երբ համով ճաշելու համար ընտանիքը կարող է 1-1.5 ժամ ճանապարհի վրա անցկացնել, եւ դա նույնպես նորմալ է համարվում։

Երկրի մեծ տարածքը նաեւ բնակչության մոտ առաջացնում է ինքնաբավության զգացում։ Շատ ամերիկացիներ չեն եղել երկրից դուրս, չեն էլ երազում արտասահմաններում զբոսնել։ Նրանք լիովին բավարարված են ԱՄՆ-ում շրջագայելով։ Իսկ, ասենք, բեյսբոլի ամերիկյան առաջնությունը կոչվում է աշխարհի (world series)։

ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջին դոկտրինը՝ մեկուսացման քաղաքականությունը, որը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է նաեւ ժամանակակից քաղաքականության մեջ (դա նաեւ Դոնալդ Թրամփի դոկտրինի առանցքն էր) հնարավոր էր իրականացնել միայն մեծ տարածքով եւ օվկիանոսներով աշխարհից առանձնացած երկրում։

Իհարկե, մեծ տարածքն ունի նաեւ ռազմա-քաղաքական կարեւոր նշանակություն։ Մեծ տարածքը միջուկային ռազմավարության մեջ ստեղծում է երկրորդ հարվածի հնարավորություն, ինչն անհրաժեշտ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով քաղաքականություն վարելու համար։ Մեծ տարածքը նաեւ կարեւոր նշանակություն ունի սովորական սպառազինությունների դեպքում, եւ այս դեպքում, իհարկե, կարեւորագույն նշանակություն են ձեռք բերում նաեւ ԱՄՆ այն նահանգները, որոնք առանձնացած հիմնական մայրցամաքային կտորից՝ Ալյասկան եւ Հավային։

Ամերիկայի տարածքի հետ կապված մյուս առանձնահատկությունն այն է, որ իր անմիջական հարեւաններից՝ Մեքսիկայից ու Կանադայից, չի կարող լինել լուրջ ռազմական սպառնալիք։ Մինչդեռ Միացյալ Նահանգներն ունի ամենահզոր բանակը եւ աշխարհում երրորդն իր զորակազմով։ Տարածքի առանձնահատկությունն իր դրոշմն է թողնում նաեւ բանակի կառուցվածքի վրա։ Այնտեղ գերակշռում են երկրի տարածքից դուրս գործողությունների ունակ զորախմբերը՝ մոբիլ ավիացիան, նավատորմը, դեսանտայինները։

ԱՄՆ տարածքը նրա Սահմանադրության ու բողոքական արժեհամակարգի հետ միասին թերեւս այն կարեւորագույն գործաններն են, որ երկիրը դարձրել են աշխարհում ամենահզորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել