Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ տվյալ ժամանակահատվածում Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի քաղաքացիական գործով հայցի քննությունը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տևել է չորս տարի, կողմերն անցել են դատական տարբեր ատյաններով: Քաղաքացիական գործի քննության, դատարանի որոշման, վերաքննիչ բողոքների և այլ հարցերի պատասխանել են գործով պատասխանող Արամ Անտինյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամայիս Մելքոնյանը և «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի Գլխավոր տնօրեն, փաստաբան Տարոն Սիմոնյանը:

Պարո՛ն Սիմոնյան, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը 2014-ին Blognews.am կայքի խմբագիր Արամ Անտինյանի դեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով, որ կայքից հեռացվի «Լիլիթ Հովհաննիսյանն ու Արամեն շատ խիստ նեղացրել են Վլադիվոստոկի հայերին» վերտառությամբ հոդվածը և պարտավորեցնել Արամ Անտինյանին հրապարակել հայցվորի դիմումը, բացի այդ՝ դատական ծախսերի համար փոխհատուցում էր պահանջել: Ի՞նչ ընթացք ստացավ գործը:

- Դատավարությունը սկսվել էր 2014 հուլիսին, և այս չորս տարվա ընթացքում մենք անցել ենք դատական բոլոր ատյաններով: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը 11.07.2014թ.-ին վարույթ ընդունեց գործը, որտեղ մեր փաստաբան Արամայիս Մելքոնյանի հմուտ աշխատանքի շնորհիվ Արամ Անտինյանը հաղթեց, այսինքն՝ Լիլիթ Հովհաննիսյանի հայցը մերժվեց: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց 10 օր անց հայցվորները բերեցին վերաքննիչ բողոք և խնդրեցին, որ անցած ժամկետը դատարանը հարգելի համարի, և ի զարմանս մեզ՝ Վերաքննիչ դատարանն այն հարգելի համարեց, չնայած մեր կարծիքով, որպես այդպիսին, անցած ժամկետը հարգելի համարելու որևէ հիմք չկար: Վերաքննիչ դատարանը գործը վերադարձրեց առաջին ատյանի դատարան՝ ամբողջ ծավալով նորից քննելու: Այստեղ ևս, մեր կարծիքով, դժվար էր համաձայնել դատարանի նման որոշման հիմնավորվածության հետ:

-Գործը վերադարձվելուց հետո առաջին ատյանի դատարանն ի՞նչ հարցի անդրադարձավ, Վերաքննիչ դատարանն ի՞նչ էր անհրաժեշտ համարել:

-Առաջին ատյանի դատարանն՝ ի դեմս դատավոր Հովիկ Շահնազարյանի, կայացրեց շատ կարևոր և, կարելի է ասել, նմանը չունեցող դատական ակտ, որտեղ անդրադարձ կատարեց հայցվորի բոլոր պահանջներին, նաև մեկնաբանեց պատճառաբանությունները ՄԻԵԴ ակտերով, ինչպես նաև տեսական մոտեցումներով։ Բնականաբար, արդար և օբյեկտիվ դատական ակտի հետևանքը նման պահանջի մերժումն էր, որը և կայացրեց դատարանը՝ անդրադառնալով նաև Վերաքննիչ դատարանի բարձրացրած բոլոր խնդիրներին, այդ թվում՝ հնարավոր պատասխանողի սուբյեկտային կազմին։

Արդյունքում Արամ Անտինյանը հաղթեց գործը, իսկ հայցվոր Լիլիթ Հովհաննիսյանը կրկին բողոքարկեց առաջին ատյանի դատական ակտը, բայց այս անգամ արդեն Վերաքննիչ դատարանը մերժեց Լ. Հովհաննիսյանի պահանջը, և Հ. Շահնազարյանի դատական ակտը թողեց անփոփոխ:

-Արդյոք հոդվածի հեղինակը չէ՞ պատասխանատուն իր հրապարակած տեքստի համար։ Ինչո՞ւ հայցը ներկայացվեց հենց Արամ Անտինյանի դեմ, չէ՞ որ Blognews.am կայքը պարզապես վերահրապարակել էր նյութը։

-Ամբողջ խնդիրն այն է, որ երբ մի անձի կամ լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվությունը լրատվամիջոցը վերահրապարակում է, որպես լրատվական միջոց պետք է գործադրել լրատվական ջանքերը՝ իմանալու համար, թե այն անձը, ում հրապարակած տեղեկատվությունը տարածում ենք, իրականում գոյություն ունի՞, թե՞ ոչ: Այսինքն՝ ա՞նձ է, թե՞ անձ չէ, հրապարակող կարո՞ղ է դիտարկվել, թե՞ չդիտարկվել, կամ նյութի հեղինակ կարո՞ղ է դիտարկվել, թե՞ ոչ: Տվյալ պարագայում հայցվոր կողմը պնդում էր, որ նա նյութի հեղինակ չէ, որովհետև նույնականացման որևէ հնարավորություն չկար, էջն անանուն էր, և դատարանն էլ գտել էր, որ դա անանուն էջ է: Այստեղ, փաստորեն, հեղինակը դառնում էր ոչ թե «Անկախ Հայաստանը», այլ վերահրապարակողը, բայց սատանան դրանում չէր թաքնված:

-Դատարանի առաջ ի՞նչ հարցեր էին բարձրացված և ի՞նչ որոշեց պատշաճ պատասխանողի, խմբագրի լիազորությունների և վիրավորանք պարունակող արտահայտությունների մասերով:

-Հիմնվելով հայցվորի պահանջի վրա` դատարանի հարցերը հետևյալն էին. առաջին՝ արդյո՞ք Blognews.am-ն ու Արամ Անտինյանը համարվում են իրավահարաբերության սուբյեկտ, թե ոչ, երկրորդը՝ հրապարակած հոդվածում տեղ գտած արտահայտությունները որպես վիրավորանք կարո՞ղ էին դիտարկվել, թե՞ ոչ:

Դատարանը հաստատված համարեց, որ պատասխանող Արամ Անտինյանը հանդիսանում է պատշաճ պատասխանող բացառապես հոդվածի հրապարակման պահանջի մասով, իսկ ոչ նյութական պատասխանատվության միջոցի կիրառման իմաստով հերքման պատասխանը հրապարակելու կամ կայքից հոդվածն առհասարակ հեռացնելու մասով Արամ Անտինյանը պատշաճ պատասխանող չէ։

Բայց քանի որ հայցվորը նյութական պատասխանատվության պահանջ էր դրել և պարտավորեցնում էր Արամ Անտինյանին և Blognews.am-ին հրապարակել ներողության տեքստը, ջնջել նախորդ հրապարակումը, այստեղ դատարանը խնդիր տեսավ, որովհետև ո՛չ Անտինյանը, ո՛չ էլ Blognews.am-ը նման իրավունք ունեցող սուբյեկտներ չեն, դա «Դատաբլոգ» ՍՊԸ-ի կայքն է, պատկանում է նրան և այդ կայքի հետ կապված ցանկացած գործողություն իրականացնելու իրավունք ունի միայն «Դատաբլոգ» ՍՊԸ-ն, իսկ Արամ Անտինյանը դատավարության ժամանակ այլևս Blognews.am-ի գլխավոր խմբագիրը չէր:

-Այս դեպքում, երբ Արամ Անտինյանը դատական ակտի կայացման պահին այլևս Blognews.am-ի խմբագիրը չէր, դատարանի որոշումն ինչպե՞ս էր իրագործվելու:

-Այստեղ դատարանը խնդիր տեսավ, և ասաց՝ եթե անգամ որոշում կայացնի և պարտավորեցնի Արամ Անտինյանին և կայքին, որ հանեն այդ տեղեկատվությունը և հրապարակեն ներողության տեքստը, ապա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում դատարանի որոշումն անկատար կմնա, որովհետև դատարանը կտա մի փաստաթուղթ Արամ Անտինյանի և Blognews.am-ի անունով, որը չի կարող կատարվել, որովհետև նրանք նման իրավունք չունեն: Այդ դեպքում «Դատաբլոգ» ՍՊԸ-ին ևս չէր կարող գործողություններ կատարելու պարտավորեցվել, որովհետև ինչ-որ անձի մասին դատական ակտ կայացնելու համար այդ անձը ևս պետք է ներկայացված լինի դատարանում: Այստեղ կլիներ դատական ակտ, որը կատարման ենթակա չէր:

Երկրորդ չափանիշը վիրավորանքն էր: Դատարանը գտավ, որ միգուցե, եթե այդ արտահայտությունները գործածվեին իրենց ուղղակի իմաստով և վերաբերեին մասնավոր անձանց, ապա դրանք այլ հանգամանքներում կարող էին համարվել վիրավորական, սակայն հաշվի առնելով այն, որ դրանք կատարվել են հանրային դեմքի վերաբերյալ, ապա այստեղ այդ հանրային դեմքը պետք է ցուցաբերի որոշակի հանդուրժողականություն։ Իսկ կայքը նման դեպքերում նման հոդվածների հրապարակման միջոցով մշտապես ծավալում է հանրային բաց քննարկումներ, և այս ամենը պետք է դիտարկել հանրային քննարկման շրջանակներում։

Դատարանը փորձեց պատասխան տալ նաև այն հարցին, թե կարելի՞ է նման հանգամանքներում սահմանափակել խոսքի ազատությունը: Հիշեցնեմ, որ վերջին չափանիշի վերաբերյալ և՛ Եվրոպական դատարանի կողմից, և՛ մեր դատական պրակտիկայում մշակված չափանիշներ կան: Այսինքն` խոսքի ազատությունը բացառիկ դեպքերում կարող է սահմանափակվել, և եթե սահմանափակում կատարվում է, պետք է հիմնավորել, որ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության համար: Այսինքն` այս հիմնական խնդիրների շուրջ է ծավալվել քննարկումը դատարանում:

Այդտեղ դատարանը մեկ այլ չափանիշ ևս պետք է դիտարկեր, թե արդյոք Անտինյանի ու Blognews.am-ի մոտ կար այդ հոդվածով ինչ-որ առումով անձանց նվաստացնելու կամ չնվաստացնելու չարամիտ կամք, և դատարանը գտավ, որ անձին վիրավորելու միտումը և չարամիտ կամքը բացակայում էր:

-Առաջին ատյանի դատարանում երկու անգամ քննվելուց, Վերաքննիչի որոշումից հետո վճիռը մտել է ուժի մեջ: Վե՞րջ այս գործին:

-Բողոքարկման ժամկետն անցել է: Չգիտեմ, գուցե հետագայում նորից հայցվոր կողմը որոշի և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու խնդրանքով ևս դիմի Վճռաբեկ դատարան, իսկ Վճռաբեկ դատարանը հարգելի համարի։ Ամեն դեպքում, իմ կարծիքով, մեր օրենսդրության շրջանակներում դա քիչ հավանական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել