«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Մարտին Սիմոնյանը, «Փաստի» թղթակցին ներկայացնելով սպանության մասին իր ձեռքի տակ եղած նյութերն ու ցուցմունքները, անդրադարձավ եղբոր սպանության դատաքննությանը, նշելով, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ դեպքը ոչ թե սպանություն է, այլ՝ խմբակային սպանություն:

«Ո՛չ խանդի և ո՛չ էլ այլ հարց գոյություն չունի: Իմ ու իմ եղբոր կարծիքով իրականում խմբակային հանցագործություն է կատարվել: Հարցն այն է, որ մենք արդեն ունենք քրեական գործին առնչվող բոլոր նյութերը՝ փաստերը, ցուցմունքները: Այդ ցուցմունքների մեջ շատ հարցեր կան, որոնց ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում, բայց ամենակարևորն այն է, որ Մանուկին վերացրել են, որ իր որդու կյանքին չխանգարի:

Որևէ մեկը սակայն հարց չի տալիս, թե ինչպես եղավ, որ եղբայրս իր ողջ ունեցվածքը գրեց կնոջ անունով, որդուն դարձրեց հիմնարկի տնօրեն, իսկ որդին բանակից ազատվելուց 10 օր հետո իր հորը դաժանաբար սպանեց: Մենք սպասում ենք, որ այս հարցերի պատասխանը ստանանք»,– ասաց Մարտին Սիմոնյանը:

Անդրադառնալով փորձաքննությունների արդյունքներին՝ նա նաև նշեց, որ ո՛չ քննիչները, ո՛չ որևէ մեկը չի հարցնում նաև, թե ինչպես եղավ, որ երկու հաշմանդամ՝ Ռուզանը և իր որդին՝ Նորիկը, կարողացան նման ձևով սպանություն կատարել ու փորձել հետքերը կոծկել:

«Մետաղալարերով են փաթաթել եղբորս դին, բայց գործի մեջ «պրովուդը» պարան է դարձել: Ոչ ոք հարց չի տալիս նաև, թե ինչպես են այդ հաշմանդամ մարդիկ այդքան մեծ քարը դրել եղբորս գլխի վրա: Մենք, ճանաչելով Ռուզաննային, չենք հավատում, որ Մանուկի սպանությունը Ռուզաննան է արել: Ռուզաննան իմ եղբոր պաշտպանն էր և կյանքում իրեն թույլ չէր տա նման բան անել: Դրա համար էր իմ եղբայրն այդքան հանգիստ ապրում իր տանը, որովհետև գիտեր, որ իր թիկունքին մեծ պաշտպան ունի»,– ասաց Մ. Սիմոնյանը:

Նա նաև նշեց, որ ցուցմունքներում կա նաև Մանուկ Սիմոնյանի որդու հարսնացուի պատմածը, թե ինքը տեղյակ է եղել, որ սպանվածն ուրիշ կնոջ հետ սրճարանում է եղել: Հենց դա է Ռուզաննայի մոտ խանդի զգացում առաջացրել և դրա պատճառով է նա կացնահարել ամուսնուն: «Էս ո՞ր դարն է, դրա համար մարդ են կացնահարո՞ւմ: Ոչ մի ուրիշ փաստ չկա: Բացի այդ, եղբորս մարմնի վրա կապտուկներ կան: Ինքը ծեծի է ենթարկվել»,- ասաց Մանուկի եղբայրը: Սպանվածի եղբայրները փորձել են իրենց եղբոր ֆեյսբուքյան էջը վերականգնել, բայց օրեր անց պարզել են, որ այն ջնջված է:

«Եղբորս որդին ջնջեց այն: Եթե ինքը նման բան չի արել, ինչու է իր հոր նկարները համացանցից ջնջում: Եղբորս հետ նույնիսկ Մանուկի հիշատակի համար սայթ բացեցինք, բայց դա էլ նրա որդին գտավ ու ջնջեց: Եվ այս ամեն ինչը ոչ ոք չի ուզում տեսնել, քանի որ հավանաբար այդպես է հարմար: Մենք մեր կողմից ներկայացնելիք փաստեր ունենք: Այսքան ժամանակ սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք:

Ամեն ինչ օրենքի սահմաններում ենք պահանջելու: Քննչական կոմիտեն այնպես է ներկայացնում, իբր թե իրենք տեղյակ են եղել, թե ինչպես է Մանուկը տուն եկել, ինչպես է խփել, ատամները կոտրել, դրանից հետո ոնց է պառկել-քնել, բայց ոչ մեկը չի ասում, թե ինչ դաժանաբար են եղբորս սպանել ու գլխին կացնի 15 հարված հասցրել:

Մենք այդ ֆոտոներն ու վիդեոներն ունենք: Կացինով այնքան են գլխին խփել, որ դեմքը չի երևում: Դա էլ ասեմ, որ մեր կարծիքով, Մանուկը ոչ թե քնած է եղել, այլ պայքարել է, որովհետև ձեռքերի մեջ դանակի կտրածի հետքեր կան: Այսինքն, դա պայքար է եղել: Ռուզաննան ծնող է և ամեն ինչ կանի, որ իր որդուն փրկի, բայց չեն մտածում, որ գազանին բաց են թողել, փոխարենը անմեղ կնոջն են տանելու 8–12 տարի դատեն»,– ասաց Մարտին Սիմոնյանը:

Նա ասաց նաև, որ հիմա չի կարող մանրամասնել, թե ինչու են կարծում, որ իրենց եղբոր սպանությունը խմբակային է եղել: Այդ մասին մանրամասն կխոսեն փետրվարի 16–ին կայանալիք դատական նիստի ժամանակ:

«Եթե արդարադատություն կա, ապա իմ հնչեցրած հարցերի գոնե մի մասին պետք է կարողանան պատասխան տալ: Հարցն այն է, թե երկու հաշմանդամով 100 կիլո կշռող մարդուն ինչպե՞ս են կարողացել դնել մեքենայի մեջ ու տանել այն դեպքում, երբ փրկարարները 4 հոգով հազիվ կարողացան Մանուկի մարմինը հանել այդ փոսից: Ես չեմ ուզում, որ անմեղ մարդիկ մեղադրվեն: Իրավապահները պետք է մի քիչ խորքային գործեն, որ պարզեն, թե ովքեր կարող էին հանցագործությանը մասնակից եղած լինել:

Բացառվում է, որ Ռուզաննան և իր որդին կարողանային եղբորս դիակը տեղափոխել ու դնել մեքենայի մեջ»,– ասաց Մարտին Սիմոնյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել