Այսօր Հայաստանի մարզերում գործող ձեռներեցները հաջողությունների են հասնում իրենց համայնքներում և կարողանում բավարարել տեղական շուկան: Զարգացման ճանապարհին, բնականաբար, ծագում են շատ հարցեր՝ կապված բիզնեսի պլանավորման, կառավարման և զարգացման հեռանկարների հետ: Այդ հարցերն ուղղվեցին «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ Սամվել Գևորգյանին 2018 թվականի հունվարի 18–ին Վանաձորում, իսկ փետրվարի 1-ին՝ Գորիսում: Հավաքվեցին տասնյակ ձեռներեցներ` քննարկելու Հայաստանում բիզնես սկսելու և զարգացնելու հարցերը:

Գրքի՝ հունվար և փետրվար ամիսներին կայացած ներկայացումներից հեղինակը տպավորված է և ոգևորված: Հայաստանում բիզնես վարելու մասին քննարկումներին եկել էին մասնակցելու ձեռներեցներ հյուրընկալության, սննդի արտադրության, արվեստի և արհեստի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի և այլ ոլորտներից:

Հետաքրքիր է, որ, ըստ տեղանքների, տարբերվեց նաև ներկայացման ձևաչափը: Վանաձորում ներկայացմանը միանգամից մասնակցեց 150 հոգի, իսկ Գորիսում նախընտրեցին մի քանի խմբային քննարկումներ ունենալ:

Ներկայացման մասնակիցներից ստացած արձագանքները գրքի վերաբերյալ ևս մեկ անգամ փաստեցին, որ Հայաստանում մեծ է ձեռներեցության ոգիn ու ներուժ ունեցող մարդկանց թիվը: Սակայն նրանց պետք է ոգևորել, աջակցել ու խթանել: Ինչո՞վ: Արդեն հաջողված օրինակներով: Դրանց պակասը չկա «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքում. 200 բիզնես օրինակ ու պատմություն: Եվ այդ ամենը ոչ թե ամերիկյան, ռուսական կամ այլ շուկաներից, այլ մեր՝ հայաստանյան բիզնես աշխարհից:

Մարտից ապրիլ ամիսներին «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի ներկայացման հաջորդ կանգառներն են՝ Գյումրին, Ստեփանակերտը, Կապանը և Գավառը: Ներկայացումների իրականացման ժամանակացույցին կարելի է տեղեկանալ գրքի ֆեյսբուքյան էջից:

Սամվել Գևորգյանը Հայաստանում բիզնես խորհրդատվության, ուսուցման առաջատար մասնագետներից է: Տարբեր ոլորտներում չորս հաջողված բիզնեսի հիմնադիր: 1990թ. ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ MBA կոչումով: «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոն խորհրդատվական-թրեյնինգային ընկերության հիմնադիր տնօրենն է: 2012թ. դարձել է «Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի» հիմնադիր անդամ և առաջին նախագահ:  Հեղինակել է ութ բիզնես գրքեր, որոնց մի մասը բուհերում վերածվել է ձեռնեցության դասագրքի:

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 4 հիմնական մասից և 22 գլխից: Գրքում ներառված բոլոր հայկական ընկերությունների վերաբերյալ օրինակներն իրական են: Գիրքը հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել